«Կախարդական Այբուբենի» ծնունդը. ինտերակտիվ գիրքը կարող է տեղ գտնել բոլոր փոքրիկների գրապահարանում

«Կախարդական Այբուբեն». այսպես է կոչվում Բյուրկորատ գրախանութի հրատարակած նոր ինտերակտիվ գիրք-այբուբենը: Հրատարակիչների կարծիքով` այն կօգնի  երեխաներին ավելի արագ ու հեշտ  յուրացնել հայոց այբուբենը:

«Արդեն 7 տարի է` մենք փորձում ենք հայ մանուկների համար ստեղծել ժամանակին համընթաց գրքեր: Սկզբում դրանք աուդիոգրքերն էին, հետո` տարբեր համակարգչային ծրագրեր: Գրախանութում շատ կան

օտարալեզու բարձրակարգ գրքեր, և մեր հաճախորդներից շատերն արդարացիորեն պահանջում էին համանման գրքեր` հայերենով: Երբ որոշեցինք ինտերակտիվ գիրք ստեղծել, առանց վարանման կանգ առանք այբուբենի վրա»,-ասում է Բյուրոկրատի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:

Հատուկ ուշադրություն է դարձվել գրքի ձևավորմանը` հաշվի առնելով երեխաների սուր տեսողությունը: Օգտագործվել են երկրաչափական հիմնական մարմինները`շրջան, եռանկյունի եւ այլն: Ընտրված են ճիշտ գույներ, իսկ կերպարներն էլ հաճախ ժպտում են:

«Կախարդական այբուբենում  չկան  ֆոներ, անիմաստ ստվերներ, ինչը դժբախտաբար հաճախ է հանդիպում հայկական մանկական գրքերի ձևավորման մեջ: Այս գրքում ամեն ինչ հաշվի է առնվել, երեխաները կօգտվեն գեղարվեստական ճիշտ «կազմակերպված» նյութից»,-ասում է Սամվելը:

Ի դեպ, պատահական չէ, որ «Կախարդական այբուբենի»  էլեկտրոնային տարբերակը ստացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Օրանժ Արմենիա» ընկերության կազմակերպած համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության գլխավոր մրցանակը`  «Լավագույն Դիզայն» անվանակարգում:

«Կախարդական Այբուբենն» ունի նաև ձայնային մաս. սեղմելով ամեն տառի համար հատկացված կոճակը` երեխան կարող է լսել ու արտասանել տվյալ տառը:

«Այստեղ նույնպես մենք փորձել ենք մինիմալիստական մոտեցում ցուցաբերել: Թեև կարող էինք տեղադրել բանաստեղծություններ կամ երկտողեր, սակայն այբուբենի դեպքում որոշեցինք կենտրոնացնել երեխայի ուշադրությունը տվյալ տառի վրա եւ «ցույց տալ», թե ինչպես է այդ տառը արտասանվում»,-շեշտում է Սամվելը` ավելացնելով, որ հնարավոր է նաեւ ջնջվող մատիտի օգնությամբ բազմիցս գրել տառերը հենց գրքի էջերի վրա:

Հեղինակները հուսով են, որ մանուկներն ու նրանց ծնողները կընդունեն իրենց նոր գիրքը, եւ այն իր տեղը կգտնի  բազմաթիվ գրադարակներում: