Սանտա Կլաուսը եւ նրա հավատարիմ օգնական եղջերու Ռուդոլֆը Հյուսիսային բեւեռից մեկնել են շուրջերկրյա ճանապարհորդության: Նա իր շրջագայությունը կավարտի դեկտեմբերի 25-ին` Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին Սանտա Կլաուսն սկսել է սահնակը բեռնել նվերներով, հայտնում է Հյուսիսային Ամերիկայի տիեզերական պաշտպանության Միացյալ հրամանատարության հատուկ վեբ կայքը, որը հետեւում է Սանտայի ճանապարհին:
Ժամը 11.00-ին նախատեսված մեկնարկը երկու ժամով հետաձգվել է՝ նախապատրաստական աշխատանքների պատճառով:
Սահնակների երկարությունը 150 կոնֆետի չափ է, լայնությունը` 80: Սահնակների կշիռը եւս չափվում է կոնֆետներով, այն համարժեք է 110 կոնֆետի: Սանտան էլ կշռում է 117 կգ, իսկ նվերները` տասնյակ տոննաներ: Եղջերուների վառելանյութը խոտն է, գազարը, ասվում է արտասահմանյան լրատվամիջոցներում, մեջբերում է rbc-ն:
«Ռոսբալտը» հայտնում է, որ կայքի քարտեզում Սանտայի գտնվելու վայրը կստուգվի յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ: Սանտա Կլաուսի եւ եղջերու Ռուդոլֆի տեղաշարժին կհետեւեն ավելի քան 40 տեղորոշիչ սարքեր, որոնք տեղակայված են ԱՄՆ-ի եւ Կանադայի տարբեր շրջաններում: Բացի դրանից, արբանյակները նույնպես կհետեւեն նրանց ուղուն:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի պաշտպանության նախարարությունը Սանտա Կլաուսի պաշտպանության համար հատկացրել է չորս կործանիչ: