«Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»` հենց այս բառերով են մարդիկ ավետում Հիսուս Քրիստոսի` Աստծո որդու հարությունը: Հարության տոնն անվանում են նաեւ Զատիկ, որն առաջացել է «զատել» բառից, ինչը նշանակում է անջատել, այսինքն` հեռանալ մեղքերից: Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում «ավետիս» եւ «հարություն» բառերը, սիրելի փոքրիկ: «Ավետիս»-ը բարի լուրն է, իսկ «հարություն առնել» նշանակում է վերակենդանանալ: Զատիկը խորհրդանշում է նաեւ գարնան գալուստը, դրա համար էլ Զատկի սեղանին առատ է կանաչեղենը:
Սբ. Հարությունը տոնում են գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին կիրակին, այսինքն` այն ժամանակ, երբ գիշերն ու ցերեկը հավասար տեւողություն են ունենում, երբ քնում ես այնքան ժամանակ, որքան արթուն ես մնում: Սբ. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Պատարագ, որը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը: Հենց այդ լույսն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուս: Պատարագի ընթացքում պահք պահողները, հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից եւ ճրագով լույս տանում տուն:
Իսկ տանը պետք է գցված լինի հատուկ տոնական սեղան, որն առաջին հերթին զարդարում է ներկած հավկիթը: Այն պետք է ներկել միայն կարմիրով եւ ցանկալի է բնական ներկանյութով, օրինակ` սոխի կեղեւով: Կարմիրը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, իսկ ձուն` երկիրը. կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցը` երկրին: Մայրիկները նաեւ չամիչով փլավ են պատրաստում, որը նույնպես մեծ խորհուրդ ունի. բրինձը մարդիկ են, իսկ չամիչը` մեր ներսում ապրող հավատքը: Մեկ այլ ավանդությամբ` չամիչը խորհրդանշում է Հիսուսի աշակերտներին, որոնք աշխարհով մեկ պետք է տարածեին քրիստոնեական հավատքը: Հարության տոնին նաեւ ձուկ են ուտում, որովհետև Հիսուսն իր աշակերտների հետ ձուկ է կերել եւ գինի են խմում, քանի որ Հիսուսը դրանով թրջել է հացը և բաժանել իր աշակերտներին:
Զատկի տոնական սեղանին նաեւ կուլիչ են դնում: Այն հատուկ թխվածք է, որը խորհրդանշում է Հիսուսի փշե պսակը. զարդարում են քունջութով, որպեսզի փշի տեսք ստանա:
Վայելեք տոներն ընտանեկան տաքուկ միջավայրում, աղոթեք քնելուց առաջ եւ հավատացեք հրաշքներին:
Շնորհավոր Սբ. Զատիկ
Մանկական հավատարմությամբ` «Իմ Փոքրիկ»