Ի՞նչ պարտադիր հետազոտություններ է անցնում կինը հղիության ընթացքում. պարզաբանում է մասնագետը

Հայաստանում հղիների նախածննդյան խնամքն իրականացվում է կանանց կոնսուլտացիաներում, որոնք կամ պոլիկլինիկայի,  կամ որևէ ծննդատան, կամ էլ բժշկական կենտրոնի կազմում են:

Հղիի առաջին այցի ժամանակ նախ հաստատվում է հղիության փաստը, ճշտվում է հղիության ժամկետը, մոտավորապես հաշվարկվում է ակնկալվող ծննդաբերության օրը և կատարվում է ընդհանուր ֆիզիկական քննություն, որը ներառում է հասակի և քաշի չափում, կոնքի չափում, արյան զարկերակային ճնշման չափում, մանկաբարձ-գինեկոլոգ մասնագետի զննում:

 

Հասակը և քաշը չափվում են, այսպես կոչված, մարմնի ինդեքսի որոշման նպատակով:

Կոնքը  չափում է մանկաբարձուհու հատուկ պատրաստվածություն անցած բուժքույրը՝ հաշվի առնելով ոսկրերի ելուստների միջև տարածությունները, ինչով հնարավոր է պատկերացում կազմել  կոնքի ոսկրերի ներսում տարածությունների չափսերի մասին: Այս տեղեկատվությունն օգնում է բժշկին ճիշտ պլանավորել ծննդաբերությունը:

Արյան զարկերակային ճնշումը շատ կարևոր ցուցանիշ է հղիության բարենպաստ ընթացքի մասին դատելու համար: Ուստի այն չափվում է ինչպես առաջին, այնպես էլ հետագա այցերի ընթացքում:

Մանկաբարձ-գինեկոլոգը հատուկ մասնագիտացում անցած բժիշկ է, որը զբաղվում է հղիության ընթացքի վերահսկմամբ, ծննդաբերության վարումով՝ ժողովրդական խոսքով ասած՝ ծնունդ ընդունելով, հետծննդյան ընթացքի խնդիրներով, ինչպես նաև հետագայում կնոջ առողջական խնդիրներով:

Մանկաբարձա-գինեկոլոգիական զննումը փոքր-ինչ տարբերվում է այլ բժշկական զննումներից.  բացի կնոջ ընդհանուր քննությունից եւ որովայնի շոշափումից, այն ընդգրկում է նաև հեշտոցային քննությունը, որը պարտադիր է հղիների դեպքում:

Հեշտոցային քննությունը կատարվում է գործիքներով և ձեռքով: Գործիքները, այսպես կոչված,  հեշտոցային հայելիներ են, որոնց օգնությամբ բժիշկը կարողանում է տեսնել հեշտոցի ներսը, պատերը, պարզել հեշտոցային արտադրության բնույթը, տեսնել արգանդի պարանոցը և դատել նրա վիճակի մասին:

Բժիշկը կարող է ձեռքով շոշափել արգանդը, ձվարանները, պարզել դրանց փոփոխությունները, ինչպես նաև դատել արգանդի պարանոցի փոփոխությունների մասին, որը խիստ որոշիչ ցուցիչ է հղիության և հատկապես ծննդաբերության ընթացքում:

Նախածննդյան առաջին կամ երկրորդ այցելության ընթացքում հղին հետազոտվում է, կատարվում են նաև լաբորատոր քննություններ.

-Արյան թեստեր

-Մեզի թեստեր

-Հեշտոցի արտազատուկի քննություն

-Ուլտրաձայնային հետազոտություն

-Կլինիկական հետազոտություններ

-Նեղ մասնագետների կոնսուլտացիաներ

-Պտղի զարգացման անոմալիաների քննություն

 

Առողջ եղեք

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյան