Անվճար կվիրահատվեն լսողական խնդիրներ ունեցող տասը երեխաներ

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը` ավստրալա-ռուսական «Caro & Co» ընկերության ֆինանսավորմամբ, Հայաստանում կիրականացնի մինչեւ երեք տարեկան լսողական խնդիրներ ունեցող երեխաների անվճար վիրահատություն:

 

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը, վիրահատության միջոցով երեխաների ականջներում կտեղադվեն լսողական սարքավորումներ, որպիսիք դեռեւս Հայաստանում չեն տեղադրվել: «Այդ իմպլանտատներն ամբողջությամբ վերականգնում են լսողությունը` վերադարձնելով երեխային չօգտագործվող զգայարաններից մեկը:

 

Այս տարվա ընթացքում վիրահատվելու են տասը երեխաներ, որոնցից երեքն արդեն ընտրվել

են», - ընդգծեց Ռ. Սարգսյանը` հավելելով, որ լսողական հաշմանդամությամբ երեխաների դիմումներն ընդունվում են «Փյունիկ» միությունում: Դիմումները կքննվեն համապատասխան հանձնաժողովի կողմից եւ ընտրվածների անձնական տեղեկատվությունը կտեղադրվի «Փյունիկ» հիմնադրամի կայքում:

 

Ռ. Սարգսյանը հավելեց, որ առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին: Ավստրալա-ռուսական «Caro & Co» ընկերության սեփականատեր Ռոզա Ալփերթը նշեց, որ Հայաստան ներկրվող այդ իմպլանտատներն արժեն մոտ 60 հազար եվրո: «Գումարը հավաքվելու է մեր ընկերության կողմից աշխարհի տարբեր մշակութային մայրաքաղաքներում անցկացվող ցուցահանդեսների ընթացքում վաճառված զարդերից: Մոտակա առաջին ցուցահանդեսը կայանալու է Փարիզում, մարտի 4-ից 8-ը: Այդ ընթացքում էլ հավաքված գումարի միջոցով մենք կվիրահատենք ընտրված տասը երեխաներին, որոնք հայտնի կլինեն մինչեւ մարտի վերջ»,- նշեց Ռ. Ալփերթը: