39-ամյա Դավիթ Սահակյանն ու 30-ամյա Նաիրա Բաղդասարյանը երրորդ անգամ վայելել են ծնող դառնալու բերկրանքը: Սա նրանց համար կրկնակի ուրախություն է. երրորդ անգամ ընտանիքում զույգ որդի է լույս աշխարհ եկել: Երեխաները ծնվել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կեսարյան հատումը իրականացրել է բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Սահակյանն ասաց, որ և մայրիկի և նորածինների առողջական վիճակը նորմալ է: Երեխաներից մեկը կշռում է 2,8 կգ , մյուսը` 2,6 կգ:
«Չորս տղաներից հետո, երբ իմացանք, որ նորից զույգ ենք ունենալու, կրկին մեծ ուրախություն, ոգևորություն ապրեցինք: Մենք մեր կարգավիճակից շատ գոհ և երջանիկ ենք»,- ասաց Դ.Սահակյանը` հավելելով, որ իր համար երեխայի սեռը կապ չունի, կարևորը` առողջ երեխաներ լինեն:
«Հայոց բանակին 6 զինվոր եմ տալիս, ինձ համար դրանից մեծ ուրախություն չկա»,- նկատեց նա: Միևնույն ժամանակ նշեց, որ մտածում է նաև աղջիկ երեխա ունենալու մասին. «Եթե Աստված կամենա, ապա աղջիկ էլ կունենանք»: Դ.Սահակյանը նշեց նաև, որ թե իր, թե կնոջ գեներում կան զույգ երեխա ունեցողներ:
Դավիթի և Նաիրայի առաջին զույգ որդիները` Արծրունը և Սահակը, ծնվել են 2007թ փետրվարի 6-ին, երկրորդ զույգ որդիները` Նորիկը և Սարգիսը լույս աշխարհ են եկել 2010թ նոյեմբերի 27-ին: Այսօր ծնված երեխաների անունները հայրը որոշել է, բայց կհրապարակի ավելի ուշ:
Ինչ վերաբերում է ընտանիքի կեցության խնդիրներին, Դ.Սահակյանը նշեց, որ այսօր իրենց ընտանիքի թիվ մեկ խնդիրը բնակարանի հարցն է. նրանց 8 հոգանոց ընտանիքը բնակարան չունի:
«Կուզեի, որ բազմազավակ ընտանիքները որոշ արտոնություններից օգտվեին: Հույս ունեմ, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները հետևություն կանեն և կհստակեցնեն բազմազավակ ընտանիք ունեցողների բնակարանի հարցը»,- ասաց Դ. Սահակյանը:
Շարունակությունը` http://www.panorama.am/