Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ճամբար` Ծաղկաձորում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 5-6-ը Ծաղկաձորի երիտասադրական կենտրոնում կանցկացվի «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ճամբար» ծրագիրը: Նման ծրագիր Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ:

 

Իր բնույթով աննախադեպ այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիկտասարդական հիմնադրամի առողջ ապրելակերպի ծրագրերի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, ճամբարին կմասնակցեն 7-14 տարեկան դիաբետով հիվանդ 35 երեխաներ եւ նրանց հետեւող բժիշկները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նպատակ ունի երեխաներին եւ նրանց խնամող ծնոնղերին կտրել առօրյա հոգսերից, նրանց տալ հնարավորություն վայելել ծաղկաձորյան բնությունն ու մաքուր օդը:

 

Հանգիստը կհամատեղվի նաեւ բժիշկների հետ հանդիպումներով: Այդ ընթացքում երեխաներին ու նրանց ծնողներին կտրվեն գործնական հմտություններ, գիտելիքներ, հանդիպումների ժամանակ բժիշկները կվարեն ուսուցողական զրույցներ, որոնց ընթացքում ճամբարի մասնակիցներին կմատուցվի անհրաժեշտ եւ մատչելի ինֆորմացիա տարբեր իրավիճակներում երեխաների ճիշտ դրսեւորման, նախընտրելի վարքագծի, սեփական սննդային ռացիոնին ճիշտ հետեւելու եւ սեփական առողջությունը չվնասելու մասին:

 

Երկօրյա ճամբարի ընթացքում երեխաներին կուսուցանվի նաեւ, թե ինչպես ինքնուրույն հետեւեն իրենց առողջական վիճակին, ինչպես դրսեւորեն իրենց առանձնահատուկ պայմաններում եւ ճիշտ սնվեն: