Սյունեցի անապահով ընտանիքների երեխաները կհանգստանան Հանքավանում

Ինչպես ամեն տարի, այս ամռանը եւս սյունեցի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների մինչեւ 14 տարին լրացած 140 երեխաներ կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» եւ «Լուսաբաց» ճամբարներում: «Ներկայում կազմվում է այդ երեխաների ցուցակները: Քանի որ նրանք դպրոցահասակ են, այդ գործում համագործակցում ենք դպրոցների հետ: Հնարավորինս ձգտում ենք այնպես անել, որ

ցուցակներում ընդգրկվեն սոցիալապես անապահով ընտանիքների այն երեխաները, որոնք իրոք ունեն այդ հանգստի կարիքը», - «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետարանի կանանց, ընտանիքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը:

Ճամբարը կսկսվի հուլիսի 1-ից, կաշխատի երկու հերթափոխով, յուրաքանչյուրը' 20 օր տեւողությամբ: Երեխաների ճամբար մեկնելու եւ վերադարձի ծախսերն այս տարի եւս հոգալու են մարզպետարանն ու քաղաքապետարանները: Մարզի եւս 50 երեխաներ, որոնք ընդգրկված են Հայ օգնության ֆոնդի «Որբախնամ» ծրագրում, այս ամառ նույնպես կհանգստանան Վայոց ձորի Հերմոն գյուղի «Սիրանույշ» ճամբարում: