Սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների, զոհված եւ վիրավոր ազատամարտիկների երեխաների համար այս տարի եւս Կապանի քաղաքապետարանը քաղաքի մշակույթի կենտրոնում կազմակերպել է «Մանկական ամառային հանգիստ-2012» բակային ճամբարը: Այն կգործի երկու հերթափոխով, յուրաքանչյուրին կներգրավվի 300 երեխա: Առաջին հերթափոխը մեկնարկել է հուլիսի 2-ից եւ կգործի ինչեւ հուլիսի 13-ը:
Այստեղ երեխաների ակտիվ հանգստից բացի, կազմակերպվում են նաեւ երգի, պարի, ասմունքի, թատերական գործի ուսուցողական պարապմունքներ: Կազմակերպվում են նաեւ սպորտային, ինտելեկտուալ խաղեր, լինում են կինոդիտումներ, այցելություններ քաղաքի տեսարժան վայրեր եւ էքսկուրսիաներ` քաղաքից դուրս: Օրվա մեջ մեկ անգամ երեխաները սնվում են քաղցրավենիքներով, պաղպաղակով, հյութերով:
«Արդեն չորրորդ անգամն է կազմակերպում ենք նման բակային ճամբար: Այս տարի ըստ ջոկատների գույների երեխաները ստացել են շապիկներ` «Եղիր առողջ եւ անվտանգ» կարգախոսով ու հովանավորի տարբերանշանով: Միանման շապիկներ կրում են նաեւ ճամբարի աշխատակիցները», - ասում է մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արմենակ Հայրապետյանը:
Յուրաքանչյուր ջոկատի առօրյան նկարահանվում է եւ կինոդիտման ժամանակ այն ներկայացվում երեխաներին: Բակային ճամբարի հանդիսավոր փակման ժամանակ երեխաները հանդես կգան ճամբարի օրերին սովորած իրենց գիտելիքներով: Արդեն երկրորդ տարին է Կապանի մշակույթի կենտրոնի բակային ճամբարը հովանավորում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ:
armenpress.am