Լինում են, չեն լինում, երկու փայտահատ են լինում։ Նրանք սոճու խիտ անտառի միջով տուն էին վերադառնում։
Ձմեռ էր, սարսափելի ցուրտ գիշեր: Գետնին ու ծառերի ճյուղերին ձյան հաստ շերտ էր նստած։ Երբ փայտահատներն անցնում էին նեղլիկ արահետով, սառած ճյուղերին դիպչելիս կոտրվում էին դրանք, ու երբ մոտեցան լեռնային ջրվեժին, տեսան, որ Սառցե թագուհու համբույրից այն քարացել է օդում։
Հանկարծ երկնքից վայր ընկավ մի շատ պայծառ ու գեղեցիկ աստղ։ Պայծառ աստղը պոկվեց մթամած երկնքից և ընկավ կանգ առած փայտահատներից ոչ հեռու: Ընկնելիս շրջակայքը լուսավորեց ոսկեփայլ պայծառությամբ:
— Միգուցե մաքուր ոսկու լավ կտոր է, — անցավ փայտահատների մտքով, և նրանք վազեցին առաջ:— Դրանից գոնե մի փշուր ընկնի ձեռներս:
Տեղ հասնելուն պես տեսան, որ ձյան մեջ ինչ-որ բան է փայլփլում մաքուր ոսկու պես: Ավելի շուտ մոտեցող փայտահատը կռացավ, վերցրեց ու տեսավ, որ ոսկե թիկնոց է՝ նրբորեն նախշված աստղազարդերով ու վերից մինչև փեշբերանը իջնող զարդածալքերով: Ավաղ: Այդ ծալքերը բացելիս փայտահատները չգտան ոսկու կամ արծաթի կտոր, ոչ էլ անգին քարեր: Ամենամեծ ծալքում պառկած էր անչափ փոքրիկ երեխա: Մանկիկը քնած էր անուշ-անուշ: Փայտահատը նույնիսկ շնչառությունը չզգաց, ականջը նրա քթիկին մոտեցնելիս:
— Էստեղ ոսկու փշուր էլ չկա։ Մեր հույսը հօդս ցնդեց, մենք անհաջողակ ենք,— ասաց փայտահատներից մեկը,— Իսկ էս երեխեն մեր ինչի՞ն է պետք: Արի նրան այստեղ թողնենք ու մեր ճամփով գնանք․ աղքատ մարդիկ ենք, մեր երե[աներին հազիվ ենք կերակրում, չենք կարող մեր երեխայի հացը կտրելով՝ նրան կերակրել:
— Չէ, չի կարելի թողնել երեխային այս սառնամանիքին, ճիշտ է՝ ես հարուստ չեմ ու ավելի շատ երեխաներ ունեմ, քան դու, կարասներս էլ ուտելիքով լի չեն, բայց այնուամենայնիվ նրան տուն կտանեմ, կինս կխնամի նրան։
Մանկիկին նորից խնամքով փաթաթեց թիկնոցով ու տարավ: Իսկ մյուս ընկերը զարմանում էր նրա թուլասրտության ու հիմարության վրա։
Երբ տեղ հասան, փայտահատն ասաց․
—Դու վերցնում ես երեխային, ուրեմն թիկնոցն ինձ տուր, պետք է, չէ՞, գտածոն հավասար կիսել։
—Ոչ, չեմ տա, քանզի այդ թիկնոցը ոչ քոնն է, ոչ էլ իմը․ այն երեխայինն է։
Բարի գիշեր մաղթեց ու գնաց տուն։
Թակեց տան դուռը, ու երբ կինը բաց արեց այն, տեսավ, որ ամուսինը ողջ-առողջ տուն է վերադարձել, գրկեց ու համբուրեց նրան, վերցրեց ցախի կապոցը ու ներս կանչեց։
—Ես անտառում մեկին եմ գտել ու բերել, որ դու խնամես,— ասաց ամուսինը՝ շեմին կանգնած մնալով։
—Ի՞նչ է,— բացականչեց կինը,— մենք աղքատ ենք ու շատ բանի կարիք ունենք։
Փայտահատը բաց արեց թիկնոցը ու ցույց տվեց տվեց քնած երեխային։
— Վշտալի է,— ասաց կինը տրտունջով,— մի՞թե մեր երեխաները մեզ քիչ են, հիմա ի՞նչ, ընկեցիկ երեխայի՞ պիտի պահենք, իսկ եթե նա մեզ դժբախտությու՞ն բերի, ինչպե՞ս պետք է հոգ տանենք նրան,— բարկացավ կինը։
—Լսիր,նա Աստղամանուկ է,— ասաց ամուսինն ու պատմեց, թե ինչպես է գտել երեխային։
Քիչ ժամանակ անց կինը շրջվեց դեպի ամուսինը․ նրա աչքերում առատ արցունք էր։ Ամուսինն արագ տուն մտավ ու մանկանը դրեց կնոջ ծնկներին։ Կինը համբուրեց փոքրիկին ու դրեց օրորոցը՝ մյուս երեխաների կողքին։
Հաջորդ առավոտյան փայտահատը արտասովոր թիկնոցը խնամքով թաքցրեց մեծ սնդուկում եղած շորերի տակ: Իսկ կինը մանկիկի վզից հանեց սաթե մանյակն ու դրեց թիկնոցի հետ։
Առաջին իսկ օրվանից մանկիկի անունը դրեցին Աստղամանուկ, և նա ապրեց ու մեծացավ փայտահատի երեխաների հետ։ Աստղամանուկին չէին զրկում ոչ մի բանից. նա սեղան էր նստում բոլոր երեխաների հետ, նրանց հետ էլ խաղում:
Տարեցտարի աճում էր ու ավելի գեղեցկանում: Ոչ մեկը չէր հագենում նրա տեսքով հիանալուց: Տղան սլացիկ էր ու նրբիրան՝ փարթամ կանաչի մեջ աճած մենավոր ծաղկի նման: Խարտյաշ ու նրբագեղ մազափնջերն իջնում էին ուսերին, իսկ շուրթերն ասես վարդի թերթիկներ լինեին:
Սակայն այդ գեղեցկությունը շուտով սկսեց միայն ու միայն չարիք բերել: Մեծանալու հետ տղան դառնում էր ավելի ու ավելի մեծամիտ և խստասիրտ: Վերից էր նայում և՛ փայտահատի, և՛ գյուղի մյուս երեխաներին: Բոլոր գյուղացիներին համարում էր ստորին ծագում ունեցողներ, իսկ անձամբ իրեն՝ աստղային նշանավոր տոհմից սերված:
Տղան խղճի նշույլ չուներ նույնիսկ մուրացկանների, ահավոր հիվանդություններից տառապողների ու մյուս թշվառների հանդեպ: Հենց որ այդպիսի մարդ էր երևում գյուղում, նա սկսում էր քարկոծել ու գոռգոռալ, որ չքվի:
Նման մի քանի դեպքերից հետո հազվադեպ էր որևէ օտար համարձակվում երևալ այդ գյուղում:
Մի անգամ էլ գյուղին էր մոտենում մի մուրացկանուհի: Նրա հագուստը պատառոտված էր, իսկ բոբիկ ոտքերը քերծվել ու արյունոտվել էին քարքարոտ ճամփաներով երկար քայլելիս:
Թշվառ կնոջը տեսնելուն պես գոռոզամիտ տղան սկսեց քարկոծել նրան: կինը ուշադիր նայեց անխիղճ տղային, ճչաց ու ընկավ ուշաթափ: Իսկ երբ ուշքի եկավ, ասաց օգնության հասած գյուղացիներին.
— Ինձ քարկոծողը իմ հարազատ որդին է: Նրան ինձնից խլեցին ավազակները, իսկ ինձ թողեցին անտառում, որ շունչս փչեմ կատաղի սառնամանիքից: Ես տասը տարի քայլել եմ աշխարհով մեկ, որոնել դրան:
— Սու՛տ է ասում, — գոռաց գոռոզ տղան: — այդ կինը թռցրել է խելքը: Իմ մայրը ուզվորություն չէ՛ր անի: Ես աստղի որդի՛ եմ: Թող այդ ուզվորը չքվի էստեղից: Զզվում եմ մինչև անգամ իր վրա նայելուց:
— Վա՜յ ինձ, որդյակս,— ողբաց խեղճ կինը: —Մի՞թե հրաժեշտ չես տա գոնե մեկ համբույրով: Ախր ամբողջ աշխարհն եմ անցել՝ քեզ գտնելու համար:
— Է՜դ էր պակաս,— քիթմռութը զզվանքով ծռմռեց տղան ու շրջեց երեսը:
Դառնորեն լալով ու ողբալով՝ խեղճ կինը գնաց անտառ տանող ճամփով: Աստղամանուկը խեթ-խեթ նայեց նրա կողմն ու վազեց խաղընկերների մոտ: Իսկ խաղընկերները սկսեցին ծաղրել ու նախատել նրան:
— Էս Աստղամանուկը դարձել է դոդոշից լպրծուն, իժից զզվելի: Չքվի՛ր էստեղից: Էլ չենք ուզում խաղալ հետդ: Յա՜խկ:
Եվ բոլորն ընկան նրա ետևից ու վռնդեցին խաղատեղից:
Աստղամանուկն առաջին անգամ էր վատ զգում ոչ միայն խաղընկերների վարմունքից, այլև՝ իր մարմնի հետ կատարվող ինչ-որ անհասկանալի ու տհաճ բանից: Կռացավ ջրափոսի վրա, որ նայի քորքրվող երեսին ու… Տե ՜ր Աստված… Ջրի հայելու մեջ տեսավ, որ ինքը դառնում է լպրծուն դոդոշ՝ զզվելի թեփուկով ու գնդիկ-գորտնուկներով ծածկված: Նոր միայն հասկացավ ամեն ինչ ու դառնորեն լաց եղավ:
Վազեց անտառ տանող ճամփով, որով հեռացել էր իր քարկոծած խեղճ մուրացկանուհին, կանչեց, խնդրեց, որ նա ետ գա, բայց պատասխան չստացավ: Ոչ էլ երևաց իր վռնդած կինը: Ամբողջ օրը որոնեց, կանչեց, միայն մայրամուտից հետո կանգ առավ, պառկեց մամուռին ու քնեց:
Արթնացավ վաղ առավոտյան, մի քանի հատիկ հատապտուղ պոկեց թփերից և առաջ գնաց թավ ու մթամած անտառի միջով տանող ճամփով: Գնում էր ու հեկեկում դառնորեն: Զղջում էր իր չարասիրտ արարքների համար: Ճամփին հանդիպած բոլոր մարդկանց հարցնում էր՝ չե՞ն տեսել արդյոք խեղճ մուրացկանուհի դարձած իր մորը: Ո՛չ, չե՛ն տեսել:
Երբ անցնում էր որևէ գյուղով, փոքրիկ տղաները ծաղրուծանակի էին ենթարկում նրան ու վռնդում քարկոծելով: իսկ գյուղացիները թույլ չէին տալիս, որ նա քնի կամ գոնե մի փոքր հանգստանա խոտի դեզի մոտ: Ոչ մեկը չէր խղճում նրան:
Երեք կլոր տարի այդպես թափառեց երկրե երկիր ու ոչ մի տեղ չգտավ ո՛չ սեր, ո՛չ կարեկցանք: Բոլորը նրա հետ վարվում էին ճիշտ այնպես, ինչպես որ ինքն էր ժամանակին վարվում ուրիշների հետ:
Գնում էր, գնում՝ տանջահար ու քաղցած, երբ հանկարծ առջևում երևաց ինչ-որ քաղաք: Օրն արդեն թեքվում էր դեպի մայրամուտ, և նա ուզեց գիշերել այդ քաղաքի մի անկյունում: Մոտեցավ բարձր պարսպին, որի մեծ դարպասի մոտ կանգնած էին զինված պահակներ:
— Էդ ու՞ր, — գոռաց պահակ զինվորներից մեկը, փակելով տղայի ճամփան: — Ի՞նչ ես կորցրել մեր քաղաքում:
— Հարազատ մորս եմ որոնում, — պատասխանեց Աստղամանուկը: — Շատ եմ խնդրում, թույլ տվեք մտնեմ ձեր քաղաքը: Գուցե մայրս այստեղ է:
Տղան պատմեց զինվորներին, որ մայրն էլ իր նման մուրացող է, որ մի ժամանակ ինքը շատ գեղեցիկ տղա էր ու գոռոզանում էր դրանով, այդ պատճառով էլ պատժվել է:
— Մերդ շատ-շատ կուրախանա քեզ նման որդուն տեսնելով,— հռհռացին զինվորները: Ախր դու դոդոշից այլանդակ ես, իժից զզվելի: Չքվի՛ր էստեղից: — Սկսեցին հրմշտելով հեռացնել նրան:
Աստղամանուկը, դառնորեն լալով, հեռացավ դարպասից: Այդ պահին մի ծերունի հանդիպեց, մի շիշ կաթ ու մի կտոր կարկանդակ տալով՝ գնեց խղճուկ սովահարին՝ որպես ստրուկի:
— Արի հետս,— ասաց ծերունին ու տարավ քաղաք:
Երկուսով անցան քաղաքի մի ծայրից մյուսը և կանգ առան խուլ պատի մեջ հազիվ երևացող դռնակի առջև: Հազիվ էր երևում այն պատճառով, որ մոտի նռան մեծ ծառը համարյա լրիվ ծածկում էր նրան: Ծերունին մատը հպեց դռնակին, և այն իսկույն բացվեց: Բրոնզե հինգ աստիճաններով իջան այգի: Ծերունին գրպանից մետաքսե շերտավոր թաշկինակ հանեց և դրանով կապեց Աստղամանուկի աչքերը: Իսկ երբ իջան ստորգետնյա ինչ-որ շինության մեջ, թույլ տվեց, որ տղան հանի աչքերի կապը: Հանեց ու հայտնվեց մթության մեջ: Պատերին տնկված աղոտ ջահերը հազիվհազ էին լուսավորում անձև շինության հատակը:
Աստղամանուկի մոտ թողնելով մի կտոր հաց ու մի կում ջուր, ծերունին հեռացավ, դուռը դրսից փակեց երկաթե սողնակով:
Իրականում այդ ծերունին մոգ էր (այսինքն՝ կախարդի նման մի բան: Առավոտյան իջավ իր ստրուկի մոտ, խոժոռ նայեց նրան ու ասաց.
— Վե՛ր կաց, խղճուկ: Արևն արդեն ծագել է: Գործի անցնելու ժամանա՛կն է: Այս քաղաքից ոչ հեռու, անտառում պահված է երեք ոսկեդրամ՝ սպիտակ, դեղին ու կարմիր ոսկուց: Դու պիտի բերես առաջինը՝ սպիտակ ոսկեդրամը: Շտապի՛ր, թե չէ կպատժեմ քեզ, քանի որ իմ ստրուկն ես,_ սպառնաց վերջում, նորից կապեց տղայի աչքերն ու տարավ դուրս:
Տղան հեռացավ քաղաքից ու շտապեց անտառի ուղղությամբ: Հեռվից անտառը թվում էր շատ գեղեցիկ, երգող թռչնակներով ու ծաղիկներով լեցուն: Բայց երբ մտավ անտառի մեջ, հեռվից թվացող գեղեցկությունից որևէ հետք չտեսավ այնտեղ: Ամենուրեք նրա ճամփան փակում էին փշփշոտ թփերը: Եղինջը այրելու չափ ցավագին խայթում էր նրա ոտքերը: Եվ նա ոչ մի կերպ չէր կարողանում գտնել ծերունու ասած մետաղադրամներից ոչ մեկը: Որոնեց ամբողջ օրը, մինչև մայրամուտ: Հուսահատությունից ու տառապանքից արդեն ուզում էր վերադառնալ իր տիրոջ մոտ, երբ հանկարծ ինչ-որ ծվծվոց լսեց թփերի տակից: Մոտեցավ ու տեսավ թակարդն ընկած մի փոքրիկ նապաստակի:
— Մի լա, խեղճ նապո,_ասաց Աստղամանուկը: — Ես կօգնեմ քեզ: — Եվ ազատեց թակարդից:
— Դու ինձ փրկեցիր,_ ասաց նապաստակը: — Դրա համար ես քեզ կտանեմ ուզածդ տեղը:
Ասաց ու առաջ անցավ, իսկ Աստղամանուկը հետևեց նրան: Շուտով մոտեցան մի մեծ ու փչակավոր ծառի: Նապաստակը ճարպկորեն մտավ փչակը և իսկույն վերադարձավ՝ սպիտակ ոսկեդրամը թաթիկներով բռնած:
Երբ Աստղամանուկը ուրախ-ուրախ վերադառնում էր, քաղաքի դարպասի մոտ տեսավ մի բորոտի: Նրա երեսը ծածկված էր գորշ կնգուղով: Բորոտը աղերսանքով դիմեց նրան.
— Օգնի՜ր ինձ: Ողորմություն տուր: Ես մեռնում եմ սովից:
Տղան խղճած թշվառին, գտած ոսկեդրամը տվեց նրան, թեև գիտեր, որ դրա համար ահավոր պատիժ կստանա իր տիրոջից:
Ծերունի տերը կատաղությունից կորցրեց իրեն: Որպես իրիկնահաց՝ նկուղի հատակին գցեց դատարկ թասը՝ առանց մի կաթիլ ջրի:
Հաջորդ որոնումների ժամանակ էլ փոքրիկ նապաստակը օգնում էր Աստղամանուկին՝ գտնելով ու բերելով ոսկեդրամները, իսկ տղան ճանապարհին դրանք տալիս էր թշվառ բորոտին՝ այլևս չվախենալով պատժից: Եվ հրա՜շք կատարվեց:
Երբ երրորդ անգամ էր վերադառնում քաղաքից, դարբասով անցնելիս պահակ-զինվորները խոնարհվեցին նրա առաջ: իսկ քաղաքում հասարակ բնակիչների ու մեծատոհմիկների բազմությունները ողջունում էին՝ բացականչելով.
— Փա ՜ռք մեր տիրակալին՝ արքայազուններից գեղեցկագույնի ՜ն:
Աստղամանուկը նկատեց, որ իր նախկին գեղեցկությունը վերադարձել է:
Այդ բազմություններից մեկում երևաց մուրացկանուհին, որին քարկոծել էր ու վռնդել դաժանորեն:
— Մայրի ՜կ,— գոռաց Աստղամանուկն ու վազեց առաջ: — Ների՜ր ինձ, սիրելի՜ մայրիկ:
Ուրախության ճիչ թռավ կնոջ շուրթերից, և նա էլ վազեց ընդառաջ: Հենց այդ պահին նրանց մոտեցավ նաև բորոտը: Աստղամանուկը բացեց թևերը, որ գրկի տառապած մորը, բայց թշվառ մուրացկանուհին ակնթարթորեն դարձել էր հմայիչ ու պայծառ թագուհի, իսկ նրա մոտ կանգնած բորոտը՝ փառահեղ արքա: Հարազատ հա՜յրն ու մա՜յրը:
Աստղամանուկը կարկամել էր երջանկությունից:
Ծնողները տեղնուտեղը թագը դրեցին որդու գլխին ու նրան հանձնեցին նաև արքայական գայիսոնը:
Եվ Աստղամանուկը դարձավ ազնիվ ու արդարամիտ տիրակալ: