Sidebar

Ժան դը Լաֆոնտեն․ առակներ

Ժան դը ԼաՖոնտեն ( 08.07.1621 - 13.04.1695 թթ․), ֆրանսիացի հռչակավոր առակագիր, բանաստեղծ է։ Նա 17-րդ դարի ամենաընթերցված բանաստեղծն էր:

Առաջին հերթին հայտնի էր իր առակներով, որոնք ողջ Եվրոպայի առակագիրների համար օրինակ հանդիսացան, իսկ Ֆրանսիայում նոր տարբերակների և բարբառային առակագրության սկիզբ դրեցին։

 

Գյուղացին և Մահը

 

Գյուղացին ցախի կապոցն ուսին վերադառնում է անտառից։ Ճանապարհին նստում է որպեսզի շունչ առնի։ Սկսում է դժգոհել իր ճակատագրից։ Նրան ահավոր հոգնեցրել են ծանր աշխատանքը և տուրքերը։ Ողջ կյաանքում երջանիկ օր չի տեսել։ Իր մահն է կանչում։ Մահն իսկույն գալիս է և հարցնում է, թե ինչու է իրեն կանչում։ Գյուղացին վախենում է և ասում, որ ընդամենը իրեն օգնելու համար՝ նորից ուսին դնելու ցախի կապոցը։

 

 

Կաղնին և եղեգը

 

Կաղնին մի օր սրտացավորեն նկատում է, որ եղեգը շատ տկար, բարակ և թույլ է։ Անգամ ճնճղուկի տակ է ճոճվում։ Իսկ ինքն աճում է ամուր և իր ճյուղերով կարող է պաշտպանել ներքևում եղողներին։ Սակայն եղեգը դժգոհ չէ իր ճակատագրից։ Քամին ճոճում է իրեն, սակայն չի կոտրում։ Սկսվում է բուք։ Եղեգը պառկում է և այդպես փրկվում, իսկ քամին, կրկնապատկելով ուժերը, արմատախիլ է անում կաղնուն։

 

Աղավնին և մրջյունը

 

Աղավնին մոտենում է առվակին, որպեսզի ջուր խմի և տեսնում է ջրի մեջ հայտնված մրջյունին։ Աղավնին խոտի կտոր է նետում նրան, և մրջյունը բռնվելով դրանից փրկվում է։ Առվակի մոտ հայտնվում է հրացանով մի մարդ։ Նա նշան է բռնում, որ կրակի աղավնուն։ Սակայն մրջյունը կծում է նրա ոտքը և աղավնին կարողանում է փախչել։

 

Կնոջ վերածված կատուն

 

Կար մի մարդ, որը շատ էր սիրում իր կատվին: Իր հետ անկողին էր տանում, նրա հետ մեկ ափսեից էր ուտում: Կյանք չուներ առանց այդ կատվի: Ճակատագրին խնդրում է կնոջ վերածել կատվին, որպեսզի ամուսնանա նրա հետ: Հրաշք է տեղի ունենում և նրա առաջ հայտնվում է գեղեցիկ աղջիկ: Ամուսնանում են, հարսանիք են անում, իսկ երբ խնջույքն ավարտվում է, գնում են ննջարան: Այստեղ հանկարծ կինը դուրս է պրծնում ամուսնու գրկից և նետվում է անկողնու տակ: Բանն այն է, որ այնտեղ մուկ է նկատել:

 

Մարմնի անդամները և ստամոքսը

 

Մարմնի բոլոր անդամները լավ են զգում իրենց, եթե ստամոքսը գոհ է: Սակայն նրանք մի օր որոշում են ապրել իրենց հաճույքի համար: Հայտարարում են, որ այլևս չեն ծառայելու ստամոքսին: Դատարկ ստամոքսը չի կարողանում թարմացնել արյունը: Ողջ մարմինը հիվանդանում է: Այստեղ միայն անդամները հասկանում են, որ ստամոքսը հոգ էր տանում իրենց մասին:

 

Էգ առյուծի թաղումը

 

Առյուծի կինը մեռնում է: Առյուծը ոռնում է և նրա հետ ողբում է ողջ պալատական անձնակազմը: Հավաքված կենդանիներից չի ողբում միայն եղջերուն, որի կնոջը ժամանակին որսացել էր մեռածը: Առյուծը հրամայում է սպանել եղջերուին: Սակայն եղջերուն ասում է, որ երազում առյուծի մեռած կինն այցելել էր իրեն և ասել, որ հայտնվել է դրախտում և երջանիկ է այնտեղ: Առյուծը նվերներով բաց է թողնում նրան:

 

Հովիվը և թագավորը

 

Բոլորին իշխում են երկու դևեր՝ սերը և պատվախնդրությունը: Երկրորդի իշխանությունն ավելի մեծ է և նա իշխում է անգամ սիրուն: Կար-չկար մի թագավոր: Տեսնելով, որ հովվի հոտը տարեց տարի աճում է, նա իր մոտ է կանչում նրան և ասում, որ հովիվը պիտի դառնա մարդկանց հովիվ: Դարձնում է նրան դատավոր:

Դատավորին մի անգամ այցելում է մի ճգնավոր և ասում է, որ միապետի բարյացակամությունը փոփոխական է և չարժե հույս դնել դրա վրա: Դատավորը ծիծաղում է: Ճգնավորը պատմում է նրան մի մարդու մասին, ով կորցնելով մտրակը, ձեռքն էր վերցրել սառած օձին: Օձը տաքանում և կծում է նրա ձեռքը:

Ճգնավորն իրավացի էր: Թագավորի մոտ են գալիս դավերի սիրահարները և լարում են նրան դատավորի դեմ: Ասում են, որ սա հետապնդում է միայն մեկ նպատակ՝ հարստանալ: Թագավորը, ստուգելով դատավորի ունեցվածքը, տեսնում է, որ սա ապրում է շատ հասարակ: Դավադիրներն ասում են, որ դատավորն ամեն բան պահում է սնդուկի մեջ: Թագավորը բացել է տալիս սնդուկը և այնտեղ գտնում է հովվի հագուստը: Իսկ դատավորը հագնում է իր այդ հին, ոչ ոքի նախանձը չշարժող հագուստը և հեռանում է պալատից: