Sidebar

Եզոպոսի առակները (մաս 2)

Ձկնորսն ու ձուկը

Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց:

Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բացթողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. «Հիմա՞ր եմ, ինչ է, որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով»:

Առակս ցուցանե, որ ավելի լավ է փոքր կանխիկը, քան մեծ ապառիկը։

 

Կրիան ու արծիվը

 

Կրիան արծվին երկնքում տեսավ, և ինքն էլ ցանկացավ թռչել։ Նա արծվին խնդրեց՝ ինչ գնով էլ լինի, իրեն էլ թռչել սովորեցնի։ Արծիվն ասաց, որ դա անհնար բան է, բայց կրիան համառեց ու թախանձեց։ Արծիվն ստիպված նրան բարձրացրեց երկինք և այնտեղից բաց թողեց մի ժայռի վրա։ Կրիան ջախջախվեց, կտոր-կտոր եղավ ու շունչը փչեց։

Առակն այն մասին է, որ շատ  մարդիկ, մրցակցելու ծարավով տարված, չեն լսում խելացի խորհուրդը և իրենք իրենց կործանում են։

 

 

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ`  ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛,բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Առակս վերաբերում է նրանց, ովքեր իրենց մերձավորներին խորհուրդ են տալիս ոչ թե մքուր սրտով, այլ սեփական օգուտի համար։



Աղվեսն ու կոկորդիլոսը

Աղվեսն ու կոկորդիլոսը վիճեցին, թե իրենցից ով է ավելի նշանավորը: Կոկորդիլոսը շատ գովեց իր նախնիների փառքը, շատ բաներ ասաց և վերջապես հայտարարեց, որ իր նախահայրերը եղել են գիմնասիրաքեսներ: Աղվեսը պատասխանեց. «Հա՛, էլ մի՜ ասա, կաշվիցդ էլ երևում է, թե ինչքա՜ն ես չարչարվել գիմնասիոնում»:

Այդպես իրականությունը միշտ էլ մերկացնում է ստախոսներին։


Տռզած աղվեսը

Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և եղած– չեղածը փորը քաշեց: Աղվեսն այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ միուրիշ աղվես նրա տնքոցը լսեց, մոտեցավ ու հարցրեց․ «Հը՛, ի՞նչ է պատահել»: Եվ իմանալով պատահածը, ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձիր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:


Աղվեսն ու դիմակը

Աղվեսն ընկավ արձանագործի արհեստանոցը, ուր եղած–չեղածն իրար խառնեց: Եվ այստեղ նրա աչքովն ընկավ ողբերգակի դիմակը: Աղվեսը բարձրացրեց ու ասաց. «Ի՛նչ գլուխ է, բայց ուղեղ չունի»:

Առակս վերաբերում է այն մարդուն, որ փառահեղ մարմին ունի, բայց հոգին դատարկ է։


Ժլատը

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս–գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ–վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:

Առակս ցուցանե, երբ ունեցվածքը չի օգտագործվում, բանի պետք չէ։