Օրերը տաքանալուն զուգահեռ փոքրիկներին ավելի հաճախ են զբոսանքի տանում: Սակայն պետք է հետևել մանկաբույժների խորհուրդներին: Թիվ 2 բժշկական միավորման մանկաբույժ Զարինե Կոջոյանի խոսքով` պետք է խուսափել փոքրիների գերտաքացումից, այսինքն` շատ շոր չհագցնել:
«Երբ փոքրիկին զբոսանքի եք տանում և ներս բերելուց հետո զգում եք, որ խոնավացել են բալիկի թաթիկները, դա արդեն նշան է, որ նրան տաք եք հագցրել»,-ասում է մանկաբույժը: Կոջոյանն ասում է, որ պետք է ճիշտ կողմնորոշվել և աստիճանաբար թեթևացնել երեխայի հագուստը: Ըստ նրա` կախված կլիմայական պայմանաներից` երեխաների զբոսանքը պետք է երկարացնել: Հինգ օրական երեխան օրվա մեջ 15-20 րոպե պետք է լինի մաքուր օդում, զբոսնի:
«9 ամսականից սկսած օրը երկու անգամ` 1-ից 1.5 ժամ, երեխան պետք է պարտադիր զբոսնի: Քամոտ եղանակին գլխարկի առկայությունը պարտադիր է: Ցանկացած եղանակի պետք է երեխան օդափոխվի»,-նշում է մանկաբույժը:
Մասնագետները խորհուրդ են տալիս զբոսանքը կազմակերպել ավտոմեքենաներից հեռու, կանաչ գոտիներում:
Անդրադառնելով երեխայի սննդին` մանկաբույժը կարեւոր է համարում հատկապես գարնանը վիտամիններով հագեցած կերակուրը. փոքրիկը ձմռանը սպառում է այդ վիտամինները:
«Երեխայի տարիքին համապատասխան պետք է մրգերով և վիտամիններով համալրել սնունդը, քանի որ գարնանը շատ է լինում Aվիտամինոզ /վիտամինի պակաս»,-ասում է մանկաբույժ Զարինե Կոջոյանը:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



