Մայրիկի աչքերը փակվում են, իսկ փոքրիկը հրաժարվում է քնել. ինչ անել – մաս 1

Երբեմն մենք թույլ ենք տալիս սխալներ, որոնք չենք գիտակցում: Դա վերաբերում է նաեւ փոքրիկի քնին: Օրինակ՝ քնից առաջ խաղացնում ենք կամ  ակտիվ երեկո անցկացնում: Եթե հետեւենք փոքրիկի քնի այբուբենին, հնարավոր է՝ կրճատենք նաեւ մեր հոգնությունը. չէ՞ որ եթե փոքրիկը գիշերն արթնանում է,  խանգարվում է նաեւ մայրիկի քունը: Եվ այսպես, ինչ է պետք անել կամ չանել.

Խուսափեք աչքերի կոնտակտից

Երկարատեւ կամ սեւեռուն հայացքը կարող է խանգարել քնին եւ նպաստել փոքրիկի ակտիվացմանը: Շեղեք ձեր աչքերը փոքրիկի դեմքից, երբ նրան պառկացնում եք անկողնում կամ այն ժամանակ, երբ  հարկ է լինում հանգստացնել նրան, որ շարունակի քունը:

Լողացրեք

Տաք ջուրը եւ սպունգով մերսումը հանգստանում են ցանկացածին, այդ թվում՝ փոքրիկին: Հրաժարվեք ջրաշիթով խաղալիքներից, աղմկոտ ու ակտիվ լոգանքից: Այն թող  վերածվի հանգստի ժամի:

Կերակրեք

Եթե ձեր փոքրիկը քաղցի պատճառով գիշերն արթնանալու սովորություն ունի, կերակրումը կարող է օգնել: Կա տեսություն, որ գիշերը պետք չէ սպասել մինչեւ փոքրիկը կարթնանա: Պետք է անկողին մտնելուց առաջ թեկուզ քնած վիճակում կերակրել փոքրիկին, որպեսզի թե նրա եւ թե ձեր քունը երկարի:

Դատարկեք օրորոցը

Անկողնու մակերեսն ու շրջապատը մաքրեք ավելորդ վերմակներից, փափուկ խաղալիքներից ու ծածկոցներից: Նախ՝ դրանք վտանգավոր են փոքրիկի համար, քանի որ կարող են խանգարել շնչառությանը եւ երկրորդ՝ շեղում են իրենց պատկերներով: Եթե մտահոգվում եք, որ կարող է մրսել, քնապարկ-հագուստով քնեցրեք: