Երեխաների վատ սովորությունները. ի՞նչ են դրանք նշանակում

Երեխան կրծում է եղունգները

 

Այս երևույթը ծանոթ է գրեթե բոլոր ծնողներին, որոնք տարբեր մեթոդներով փորձում են ստիպել երեխային ազատվել այս վատ սովորությունից: Երբ բացատրելը չի օգնում, ծնողներն անցնում են ֆիզիկական պատժին: Հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս  երեխայի հետ հաճախ չխոսել դրա մասին:

Նրանք խորհուրդ են տալիս լինել առավել ուշադիր և հասկանալ՝ երբ է երեխան ձեռքերը տանում դեպի բերանը: Օրինակ՝ դա կարող է լինել մանկապարտեզից վերադառնալուց հետո, երբ երեխան մի փոքր հուզված է: Այս դեպքում պետք չէ երեխային թողնել մուլտֆիլմ նայել կամ խաղալ համակարգչով: Այդ դեպքում  առաջարկեք նկարել կամ խաղալ լողավազանում: Երեխան եղունգները կրծում է, երբ հուզված է, վախեցած է կամ էլ նյարդայնացած: Պատճառը հասկանալու համար կարելի է երեխային հարցնել իր օրվա մասին, խնդրել, որպեսզի նա պատմի, թե ինչ է արել ամբողջ օրվա ընթացքում:

 

Երեխան ծծում է մատը

 

Երբեմն ծնողներին անհանգստացնում է ոչ թե այն, որ մատը ծծելը վտանգավոր է երեխայի առողջության համար, այլ այն, թե ինչ կասեն շրջապատի մարդիկ: Մասնագետներն ասում են, որ այդ ռեֆլեքսը ոչ միայն կրծքով սնվելու հետևանք է, այլ նաև դա հանգստացնում է երեխաներին: Փոքրիկները մատը տանում են բերանը դեռ մոր արգանդում, այնպես որ, պետք չէ ամաչել, երբ երեխան 3 տարեկանում  ծծում է մատը: Մանկաբույժներն ասում են, որ պետք չէ վաղ տարիքից երեխային կտրել ծծակից: Դա կարող է փոքրիկների մոտ նևրոզ առաջացնել, իսկ դա շատ վատ սովորությունների սկիզբ կարող է դառնալ: Այս սովորությունը երեխայի մոտ տարիքի հետ վերանում է: Եղե՛ք համբերատար, բայց և զգուշավոր. դա կարող է նաև տագնապայնության նշան լինել: 

 

Ինքն իրեն բացահայտելու սովորություն

 

Բոլոր երեխաներն էլ ինչ-որ ժամանակ սկսում են հետաքրքրվել իրենց մարմնով ու փորձում են բացահայտել այն: Նրանց երբեմն ավելի շատ հետաքրքրում են իրենց սեռական օրգանները: Բժիշկները վստահեցնում են, որ սա նորմալ երևույթ է և կարիք չկա շատ անհանգստանալու: Չի կարելի զայրանալ երեխաների վրա,  կարելի է նրան օգնել՝ բացահայտելու սեփական մարմինը: Մանկական հոգեբանի դիմել անհրաժեշտ է, եթե երեխան անընդհատ ցանկանում է տեսնել այլ երեխաների սեռական օրգանները: Պետք է նաև ուշադրություն դարձնել երեխաների խաղերին: