6-9 ամսականում փոքրիկները դառնում են ավելի ու ավելի աշխույժ:
Նրանք սկսում են չոչ անել, նստել, կանգնել անկողնում, ոմանք էլ` անգամ քայլել: Այդ իսկ պատճառուվ, այս փուլում ամենակարևորը փոքրիկի ֆիզիկական զարգացումն է:
Այս տարիքում, արդեն կարելի է նրան վարժեցնել գիշերանոթին: Գիշերանոթից օգտվել կարելի է քնելիս ու արթնանալիս, մինչև զբոսանքը և դրանից հետո: Մի քանի օրից նա արդեն կհասկանա՝ ինչի համար է նախատեսված գիշերանոթը:
7 ամսականից պետք է փոքրիկին սովորեցնել ուտելուց առաջ լվանալ ձեռքերը: Մայրիկը փոքրիկի հետ պետք է սովորեցնի մոտենալ լվացարանին, բացել ջուրը և թաթիկներն ինքնուրույն մոտեցնել ջրին: Ժամանակի ընթացքում փոքրիկը վարժվում է, որ ուտելուց առաջ պետք է անպայման լվանալ ձեռքերը:
Եթե ցանկանում եք, որ փոքր տարիքից երեխան կոկիկ ու մաքրասեր լինի, ապա հետևեք, որ նրա հագուստը միշտ մաքուր լինի: Եթե կեղտոտվել է հագուստը, շտապ փոխեք այն: Այդ ընթացքում շատ կարևոր է փոքրիկին բացատրել՝ ինչու եք դա անում:
Այս տարիքում սովորեցրեք փոքրիկին նաև ակտիվ շարժումներ անել՝ բացել-փակել բռունցքը, թռչկոտել, ծափ տալ: Չմոռանաք մեկնաբանել նրա ամեն մի շարժումը: Հորինեք երգ, որի ընթացքում փոքրիկը սիրով կկատարի այդ շարժումները:
8 ամսականում արդեն կորող եք սովորեցնել, թե որտեղ է քիթիկը, աչքը, ականջը, ատամները: Սկզբից նա դրանք ցույց կտա Ձեր դեմքի, ապա խաղալիքի և հետո արդեն իր վրա:
Այս տարիքում փոքրիկին սովորեցրեք նաև «ճիշտ» խաղալ, այսինքն՝ նա պետք է իմանա, որ դաշնամուրի ստեղները պետք է սեղմել, որպեսզի այն ձայն հանի և այլն:
Այս տարիքում պետք է սովորեցնել նաև «չի կարելի»-ի մասին: Եթե նա խաղալինքով հարվածում է Ձեր դեմքին, ասեք նրան, որ ադպես նա ցավ է պատճառում Ձեզ: Եղեք համբերատար: