Ձիթապտղի ձեթ․ ինչու՞ է կարևոր և ե՞րբ ու ինչպե՞ս ավելացնել երեխայի սննդի մեջ

Ձիթապտղի ձեթի գաղտնիքը վիտամիններով և միկրոէլեմենտներով հարուստ բաղադրության մեջ է։

Նրանում առկա են A, D, E վիտամիններ, օմեգա-3, օմեգա-6 ճարպաթթուներ, արժեքավոր հակաօքսիդանտներ և ամինաթթուներ: Նշված վիտամինները միայն  նյութափոխանակությանը չեն մասնակցում։ Դրանք օգնում են ամրացնել ոսկրային հյուսվածքը, որը հիմք է երեխայի օրգանիզմի կայուն աճի համար: Բաղադրության մեջ մտնող թթուներն անհրաժեշտ են բջջային թաղանթներն ավելի ամուր և առաձգական դարձնելու համար, ինչն էլ կարևոր է մկանային համակարգի զարգացման համար: Տվյալ թթուները հստակ դերակատարում ունեն ուղեղի աշխատանքի բարելավման մեջ: Իսկ հակաօքսիդանտներն արգելափակում են ազատ ռադիկալները, որոնք կարող են խաթարել բջջային թաղանթների ամբողջականությունը և նույնիսկ ԴՆԹ-ի կառուցվածքը: Հետևաբար, հաջողությամբ կանխում են երեխայի զարգացման հնարավոր խանգարումները:

Ձիթապտղի ձեթի կանոնավոր կիրառումն ամրացնում է փոքրիկի իմունիտետը, բարենպաստ ազդեցություն թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Այն օգտակար է հատկապես մարսողական համակարգի համար, ունակ է բարելավելու ստամոքսի, աղիների, ենթաստամոքսային գեղձի և լյարդի գործունեությունը։ Ձիթապտղի ձեթն ունի լինոլաթթու, իսկ լինոլաթթվի պակասն օրգանիզմում կարող է մի շարք մաշկային հիվանդություններ առաջացնել։ Ընդհանուր առմամբ, ձիթապտղի ձեթն օգնում է փոքրիկներին հեշտությամբ անցում կատարել մեծերի սննդին։

Մանկաբույժները խորհուրդ են տալիս ձիթապտղի ձեթը փոքրիկի սննդի մեջ ավելացնել 6-7 ամսականից սկսած։ Ինչպես ցանկացած նոր ուտելիքի դեպքում, ձիթապտղի ձեթը նույնպես պետք է ավելացվի ուշադիր և փոքր չափաբաժիններով: Սկզբնական չափաբաժինը պետք է կազմի նվազագույն՝ 1-2 կաթիլ։ Այն պետք է ավելացվի խյուսի կամ ապուրների մեջ։ Ձիթապտղի ձեթը չպետք է ենթարկել ջերմային մշակման, անտեղի բարձրացնել օգտագործման ենթակա թույլատրելի քանակությունը, վերցնել ու հենց այդպես առաջարկել երեխային: