Աղցանը նախատեսված է երեք և ավելի բարձր տարիքի երեխաների համար:
Աղցան պոմիդորով և վարունգով
Պոմիդորով և վարունգով աղցանը բանջարեղենների նախընտրելի խառնուրդ է: Փոքրիկներն էլ այն շատ են սիրում: Սակայն պետք է հիշել, որ այս աղցանը մանկիկին կարելի է տալ միայն երեք տարեկանից հետո, քանի որ միայն այդ տարիքից հետո է, որ փոքրիկի ստամոքսը սկսում է արտադրել բավարար քանակությամբ ֆերմենտներ, որոնք ընդունակ են մարսել պոմիդորով և վարունգով աղցանը:
Այս աղցանը շատ հեշտ է պատրաստվում: Հարկավոր է լավ լվանալ նույն քանակությամբ պոմիդորը և վարունգը, կտրատել բարակ շերտերով, խառնել, համեմել ձեթով և աղով:
Աղցան բանջարեղենային
Խաշեք մեկ կարտոֆիլը, մեկ բաժակ կանաչ ոլոռը և մեկ ձուն: Կարտոֆիլը, վարունգը և ձուն խորանարդիկներով կտրատեք, մանր կտրատեք մի քանի ճյուղ մաղադանոսը, ավելացրեք ոլոռը, խառնեք: Համեմեք քիչ քանակությամբ թթվասերով:
Բարի ախորժակ: