Տնակ նախուտեստ` վարունգով, հացով եւ պանրով

Եթե ձեր փոքրիկը եփված կամ տաք կերակուրների սիրահար չէ, ապա շաբաթվա մեջ գոնե մեկ-երկու անգամ փորձեք պատրաստել այն, ինչ արագ է, ախորժաբեր ու հետաքրքիր:

Սենդվիչանման այս նախուտեստի համար շատ բան հարկավոր չէ` սեւ ու սպիտակ հացեր, վարունգ, պանիր, կանաչի եւ կարմիր պղպեղ:

Եվ այսպես, սպիտակ հացը ծաղկանման կտրեք, վարունգը լվացեք ու շրջանակաձեւ կտրեք, սեւ հացից ստացեք խորանարդներ, իսկ պանիրը` եռանկյունաձեւ: Նույն հերթականությամբ էլ շարեք` սպիտակ հացը, հետո վարունգը, վրան սեւ հացը, վերջում էլ պանիրը:

 

Վերջին շտկումների համար հարկավոր է պղպեղի փոքրիկ ուղղանկյունաձեւ կտորն ու կանաչու մի ճյուղը: Պղպեղը դրեք սեւ հացի վրա` որպես դուռ, իսկ պանիրը` գլխին` որպես տանիք:

Հիշեք` պանիրը շատ կարեւոր բաղադրիչ է կերակրացանկում: Այն հարուստ է հատկապես կալցիումով:

Վայելեք տնակ նախուտեստը:

Բարի ախորժակ: