Այնպիսի մշակութային միջավայրերում, որոնք խորտիկների մի ամբողջ փունջ են առաջարկում նաեւ երեխաների համար, շատ դժվար է խուսափել քմահաճ երեխա մեծացնելու վտանգից:
Ինչպե՞ս կարող ենք խրախուսել երեխաներին ուտել իրենց բանջարեղենը եւ վերակացուի պես չհսկել, որ սեղանի մոտից վեր չկենան: Ակնհայտորեն ավելի հեշտ է կանխել քմահաճությունը, քան թե վերացնել արդեն ձեւավորված բնավորությունը: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն մայրիկներին՝ երեխաներին սնելու դժվարին գործում.
Կրճատեք սնունդը
Որպեսզի կարողանաք երեխային համոզել, որ նա ուտի իր առջեւ դրված կերակուրը, պետք է նախ հնարավորություն տաք, որ նա ճաշի ժամին քաղցած լինի: Ճաշից առաջ երեխային կշտացնող խորտիկներ, քաղցրավենիք կամ այլ սննդատեսակներ մի մատուցեք:
Թույլ տվեք երեխային պլանավորել եւ պատրաստել կերակուր
Երբ երեխաները մասնակցում են կերակուրը պատրաստելու պրոցեսին՝ պլանավորելուց մինչեւ եփել, մեծ հետաքրքրությամբ են սպասում համտեսին: Նրանց գայթակղում է միտքը, որ ուտելու են հենց այն կերակուրը, որը սեփական ձեռքերով են պատրաստել: Բացի այդ, նրանց ինքնագնահատականն է մեծանում: Էլ չենք խոսում այն մասին, որ ընկերների մոտ էլհպարտանում են:
Մի հրաժարվեք նորից մատուցելուց
Երեխաները հեշտորեն հրաժարվում են կերակուրից՝ ասելով, թե համեղ չէ, չեմ ուզում: Ձեր խնդիրն է այն նորից ու նորից մատուցել: Չի բացառվում, որ մինչեւ 10 անգամ մատուցելուց հետո երեխան գիտակցի, որ վայելում է կերակուրը: Չէ՞ որ ժամանակի հետ նաեւ փոխվում է երեխաների համային նախընտրությունը: Եվ ոչ միայն երեխաների: