Հայոց եկեղեցու 5 տաղավար տոները

Հայ Առաքելական Եկեղեցին ունի հինգ կարևոր տոն, որոնք կոչվում են տաղավար տոներ։ Այս տոները կապված են Հիսուս Քրիստոսի և Սուրբ Մարիամի կյանքի շատ կարևոր իրադարձությունների հետ։

 Դրանք նշվում են մեծ խանդավառությամբ՝ աղոթքով, երգերով և ուրախությամբ։ Եկե՛ք միասին ծանոթանանք այս տոներին։

 


 

1. Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն (Հունվարի 6)

Սուրբ Ծնունդը նշում ենք Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը։ Նա ծնվեց մի քարայրում՝ Բեթղեհեմ քաղաքում, աղքատ և համեստ պայմաններում։ Այդ քարայրը դարձել է սիրո, խոնարհության ու խաղաղության խորհրդանիշ։

Բացի ծնունդից, այս օրը նշում ենք նաև Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում։ Երբ Նա մկրտվում էր, երկինքը բացվեց, Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ, և Աստծո ձայնը լսվեց.
«Սա է իմ սիրելի Որդին»։

 


 

2. Սուրբ Հարություն (Զատիկ)

Զատիկը ամենաուրախ տոներից է, որովհետև նշում ենք, որ Հիսուս մահից հետո հարություն առավ։ 

Այս օրը մարդիկ ձու են ներկում՝ հիմնականում կարմիր։ Կարմիր ձուն խորհրդանշում է Հիսուսի արյունը, որը Նա թափեց մարդկանց փրկելու համար։
Ձուն խորհրդանշում է նոր կյանքը՝ ինչպես ձվի միջից դուրս է գալիս նոր ճուտիկ։

 


 

3. Քրիստոսի Պայծառակերպություն (Վարդավառ)

Քրիսստոսի պայծառակերպության տոնը ժողովրդի ամենասիրելի տոներից է։ Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ`ինչպես լույսը»:


Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է:
Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:

 


 

4. Սուրբ Աստվածածնի Վերափոխում (Խաղողօրհնեք)

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը:

Ավանդության համաձայն՝ Ս. Մարիամը  Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: 

Եվ Աստված նրան բարձրացրեց երկինք՝ հոգով ու մարմնով։ Այս իրադարձությունն էլ կոչվում է Վերափոխում։

Այս տոնին եկեղեցում կատարվում է խաղողօրհնեքի կարգ։ Խաղողը Աստվածաշնչում շատ կարևոր պտուղ է. Հիսուսն ասել է․
«Ես եմ ճշմարիտ որթատունկը», ինչը նշանակում է, որ Նա մեր հոգևոր սնունդն է ու ուժը։

 


 

5. Խաչվերաց տոն

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այս տոնը կապված է Հիսուսի խաչի հետ։ Երբ Հիսուս խաչվեց, խաչափայտը դարձավ սրբություն՝ ոչ թե ցավի գործիք, այլ սիրո, հույսի ու փրկության նշան։

Խաչվերաց նշանակում է խաչը վեր հանել, բարձրացնել։ Այս տոնին հիշում ենք, թե ինչպես խաչը վերադարձվեց սուրբ քաղաք Երուսաղեմ ու տեղադրվեց Գողգոթա բարձունքի վրա՝ այնտեղ, որտեղ Հիսուս խաչվեց։

 


 

Այս տոները մեզ հիշեցնում են Աստծո սերը, հավատքը, հույսն ու նվիրվածությունը։ Դրանք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ Հիսուսի կյանքը և սիրով ու հավատով ապրելու կարևորությունը։