10 օգտակար խորհուրդ ծնողներին պատերազմական իրավիճակների համար – 2

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանն  անդրադառնում է  հնարավոր հարցերին, որոնք կարող են հուզել փոքրիկին պատերազմական իրավիճակում:

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ.

6.  Ինչո՞ւ են պատերազմում միայն տղաները։ Աղջիկները վախենո՞ւմ են։Աղջիկներն էլ են երբեմն կռվում։ Բայց հիմնականում տղաները ֆիզիկապես ավելի ուժեղ ու պինդ են լինում: Պատերազմի ժամանակ աղջիկներեն էլ են կարևոր գործ կատարում, նրանք հոգ են տանում բալիկների ու ծերերի մասին այն ժամանակ, երբ տղաները կռվում են:

7. Իսկ մեր տունը չե՞ն պայթեցնի:

Ոչ, պատերազմը մեր տնից շատ հեռու է: Մենք ապահով գոտում ենք: Բայց եթե հանկարծ պատերազմը մոտենա մեր տանը, մեզանից ոչ մեկը՝ ծնողներդ, տատիկդ, պապիկդ, թույլ չենք տա, որ քեզ հետ մի բան պատահի:

8. Մահանալը ցավո՞տ է։

Երբ մարդը մահանում է, նրա մարմինը դադարում է աշխատել, և նա ոչ մի բան չի զգում, ոչ մի ցավ:

9. Իսկ ինձ մանկապարտեզից թշնամիները չե՞ն գողանա:

Ոչ մի դեպքում, դա բացառվում է. ոչ դաստիարակներդ, ոչ մայրիկդ, ոչ էլ հայրիկդ թույլ չեն տա, որ որևէ մեկը քեզ վնասի:

10. Հերոսները միայն նրա՞նք են, ովքեր պատերազմում են:

Ոչ, հերոսն այն մարդն է, որն օգնում է թույլերին ու անպաշտպաններին: Եթե ինչ-որ մեկը խեղդվում է ծովում , իսկ մյուսը  փրկում է նրան,  նա հերոս է: Եթե զինվորը պաշտպանում է մարդկանց նրանցից, ովքեր հարձակվել են, նա հերոս է: Իսկ եթե պատերազմում են հենց այնպես,  դա հերոսություն չէ, միայն վատ մարդիկ են ցանկանում պարզապես պատերազմել: