Լինում են պահեր, երբ կենցաղային, աշխատանքային ու ընտանեկան խնդիրները գումարվում են միմյանց, ու ծնողները կորցնում են համբերությունը՝ հաճախ զայրույթը թափելով երեխաների վրա։ Հնարավո՞ր է, արդյոք, այդ պահերին զսպել պոռթկումը և չբարկանալ երեխայի վրա:
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը հավատացնում է՝ հնարավո՛ր է: «Առաջին կարևոր կետը վերաբերմունքն է։ Ծնողները երբեմն սխալ են դասավորում կյանքի տարբեր ոլորտները, ինչի արդյունքում խնդիրների մի ամբողջ կույտ է ձևավորվում: Հարկավոր է դարակներում տեղավորել յուրաքանչյուր խնդիր: Երեխայի հետ կապված խնդիրները վերաբերում են միայն երեխային, ընտանիքի այլ անդամի հետ կապված խնդիրը վերաբերում է միայն այդ անդամին, աշխատանքային խնդիրները մնում են աշխատավայրում: Շատ կարևոր է ունենալ այս ընկալումը, որ հուզական այրում չառաջանա, և մարդը կարողանա իր խնդիրները լուծել հերթով և շարքով: Նաև կարևոր է գիտակցումը, որ եթե երեխան ունի խնդիրներ, ծնողները պիտի աջակցեն նրան»,-նշում է հոգեբանը:
Հոգեբանի կարծիքով՝ պետք չէ բարկությունը զսպել, որովհետև, ինքներս մեզ զսպելով, մենք կուտակում ենք հույզերը և ավելի բուռն արձագանք տալիս: Փոխարենը Անի Ապիտոնյանը ծնողներին խորհուրդ է տալիս ամենալարված պահերին շնչառական վարժություններ կատարել:
«Ծնողները կարող են կատարել շնչառական վարժություններ, որոնք հանգստացնում են ամբողջ օրգան-համակարգը, հանգստացնում են նյարդերը, մարմնին բերում են հանգստություն, և մարդը կարող է մեկ շնչառական վարժությամբ հանգստանալ և ավելի օբյեկտիվ արձագանք տալ իրադրությանը»,-նշում է Ապիտոնյանը:
Հոգեբանի խոսքով՝ շնչառական վարժությունները տարբեր են․ «Վարժություններից մեկն, օրինակ, պետք է իրականցվի դանդաղ. շնչում ենք քթով, շունչը պահում 4 վայրկյան և դանդաղ արտաշնչում բերանով: Այնուհետև հինգ վայրկյան կանգ ենք առնում, սպասում, որ գլխապտույտ չառաջանա, ապա ևս 2 անգամ կատարում այդպիսի շնչառական պտույտ: Այս վարժությունից հետո մեծամասամբ ոչ մարդու բարկանալն է գալիս, ոչ, առավել ևս բղավելը, իսկ արյան շրջանառության ակտիվացման շնորհիվ մարդը կարողանում է ավելի ադեկվատ մտածել»,-ասում է նա:
Անի Ապիտոնյանը մի տարբերակ էլ է առանձնացնում բարկացած ծնողների համար: «Շատ լարված ժամանակ պետք է դուրս գալ տարածքից, հանգիստ, դանդաղ խմել 1 բաժակ ջուր, սառը ջրով լվանալ դեմքը, ձեռքերը, վզի հատվածը: Կարելի է նաև հետևյալ մեթոդը օգտագործել՝ լվացվելու ժամանակ կենտրոնանալ գործողությունների վրա. այդ ժամանակ հույզերը թուլանում են: Կարելի է փակել աչքերը և հաշվել մինչև 10-ը: Այս գործողությունների շնորհիվ մեր բարկությունը անցնում է, և մենք ավելի ճիշտ մոտեցում ենք ցուցաբերում խնդիրներին»,-ասում է հոգեբանը:
Անի Ապիտոնյանը ծնողներին խորհուրդ է տալիս այս մեթոդները փոխանցել նաև երեխաներին, որ նրանք փոքր տարիքից սովորեն՝ ինչպես կարելի է հանգստացնել մարմինը և հոգին ու դրանից հետո միայն ընդունել որոշումներ:
Հեղինակ՝ Նանե Ավետիսյան