Դանդաղաշարժություն․ ո՞րն է պատճառը և արժե՞ արդյոք փոքրիկին շտապեցնել

Ծնողներին, ուսուցիչներին և փոքրիկի շրջապատում գտնվող այլ մարդկանց հաճախ կարող է բարկացնել այն հանգամանքը, որ երեխան դանդաղ է կատարում իր անելիքները: Նրանցից շատերը դանդաղկոտությունը համարում են քմահաճություն, կարծում են, որ բալիկն ընդամենը կամակորություն է անում:  Իսկ դա իրո՞ք այդպես է:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մառա Հարությունյանն ասում է, որ դանդաղկոտությունը, միանշանակ, քմահաճույք համարել չի կարելի, քանի որ այն երեխայի նյարդային համակարգի և հոգեկանի առանձնահատկություն է։  Տվյալ երևույթը  պայմանավորվում է գենետիկ առանձնահատկություններով, շրջակա միջավայրով ու  կենսապայմաններով։ Դանդաղկոտ երեխայի շարժումները հիմնականում  չհամակարգված են լինում և ոչ ակտիվ, խոսքը արտաբերվում է հանգիստ ու սակավ էմոցիաներով։ Այսպիսի փոքրիկի մոտ կարող են առաջ գալ ադապտացիոն դժվարություններ և վախ հանրային ելույթից։ Համատեղ, խմբային ակտիվ  խաղերից սովորաբար հրաժարվում է, մեկ գործից մյուսին անցնում դժվարությամբ։

  

Թույլ տրվող սխալներ

Ամենից շատ ընտանիքի անդամները նախատում են երեխաներին նրանց դանդաղկոտության համար, ուսուցիչները՝ ցածր գնահատականներ դնում, ինչը նպաստում է երեխայի մոտ տարաբնույթ կոմպլեքսների ձևավորմանը։ Մայրիկներն ու հայրիկները սկսում են իրենց երեխային համարել ոչ այնքան ընդունակ։ Բայց պետք է հասկանալ՝ նրանք իրականում  բալիկին ստիպում են աշխատել իր համար անտանելի տեմպերով, և ունակությունները բնավ կապ չունեն։

 

Ո՞րն է ճիշտն այդ իրավիճակում     

Նախևառաջ, հարկավոր է դանդաշարժությունն ընդունել որպես հատկանիշ և ոչ թերություն։ Դանդաշարժ երեխաներն «արագ» չեն կարող դառնալ՝ անկախ նրանից, թե որքան են ուզում ծնողները կամ ուսուցիչները։ Նրանց հետ պետք է հաղորդակցվել առանց շտապելու և ձայնը բարձրացնելու, պիտակավորումներ տալու։ Դանդաղկոտ երեխայի հետ շփվելիս մեծահասակը պետք է պահպանի ուրախ տրամադրությունն ու մոտեցումը, որոնք էլ կարթնացնեն բալիկի մեջ մեծերի և հասակակիցների հետ շփվելու ցանկություն։

Ծնողներին խորհուրդ է տրվում ունենալ երեխայի օրվա հստակ գրաֆիկ, հետևողական լինել, որպեսզի բալիկը կատարի բոլոր գործողությունները։ Եթե երեխան նախադպրոցական տարիքի է, ապա դա կարելի է անել տարբեր նկարների միջոցով։ Կարևոր է սովորեցնել փոքրիկին հետևել ժամանակին, ճանաչել ժամացույցը։ Երբ երեխան գիտի օգտագործել ժամացույց, ավելի հեշտ է նրան հասկացնել՝ որ ժամին նա պետք է կատարի այս կամ այն գործողությունը։ Զուգահեռ անհրաժեշտ է խաղալ նրա հետ, երգել ու պարել, խրախուսել հնարավոր ձևերով։