Բաժանման տագնապ․ ներկայացնում է հոգեբանը

«Իմ փոքրիկ»-ը բաժանման տագնապի մասին զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ:

Ներարգանդային  շրջանում պտուղը պորտալարով կապված է մայրիկի հետ և արտաքին աշխարհն ընկալում է նրա միջոցով: Սա նշանակում է, որ բալիկի ապահով զարգացման էական փուլը հենց պրենատալ հատվածն է: Առաջին բաժանումը ծնողից երեխան ունենում է ծննդաբերության ժամանակ, որի բուն ընթացքը շատ կարևոր է: Օրինակ՝ նորածնի և մայրիկի՝ խնդիրներով պայմանավորված բաժանումը փոքրիկի մոտ կարող է առաջացնել կորցնելու վախ և տագնապ, իսկ հղի մայրիկի մոտ առկա պտղին կորցնելու, սեփական մահվան մասին մտքերը՝ բազային անպաշտպանության զգացում: Տարիքային զարգացման հետ մեկտեղ երեխան աստիճանաբար առանձնանում է մեծահասակից, սովորում ինքնուրույն բավարարել իր պահանաջմունքները, եթե տվյալ բնական ընթացքը ծնողն արհեստականորեն չի բարդացնում իր կպչուն ու տագնապային լինելով:  Չնպաստելով երեխայի տարիքային զարգացմանը՝ ծնողը վերջինիս զրկում է ինքնուրույնությունից:  Հետագայում ցանկացած քայլ, որտեղ ներկա չէ մեծահասակը, երեխայի համար դառնում է տագնապային: Այսպիսով, կորցնելով ծնողին, երեխան վախենում է կորցնել այն ամենը, ինչ նրան տալիս է մեծահասակը: Պայմանավորված երեխայի անհատական առանձնահատկություններով՝ կորցնելու վախը տարբեր կերպ է արտահայտվում՝ անկառավարելի լացից մինչև ինքնամփոփություն:

Նման իրավիճակներում պետք չէ ցրել մտքերը, գնահատական տալ վախին, նախատել երեխային դրա համար: Անորոշությունը պետք է հաղթահարվի հայրիկի ու մայրիկի կողմից ճիշտ մոտեցման և անկեղծ զրույցների միջոցով: Ծնողը, նախ, պետք է հաղթահարի երեխային կորցնելու սեփական վախերը, որպեսզի դրանք չունենան անդրադարձ փոքրիկի վրա, բացառի  «եթե չանես, կգնամ», «ուրիշ մայրիկ կբերեն» և  այլ նմանատիպ ոչ կառուցողական արտահայտությունները, որոնք ևս հանգեցնում են տագնապի ամրապնդմանը: