Գրիպ ու ջերմություն․ ի՞նչ դեղ պետք է տալ փոքրիկին և որը՝ բացառել․ մանկաբուժի խորհուրդները

Առավել հաճախ գրիպն ընթանում է սուր կերպով, բնորոշ են դառնում գլխացավը, դողը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի։

Բալիկների մոտ գրիպի ախտանշանները կախված են նրանից, թե ինչ կլինիկական ձևով է ընթանում հիվանդությունը։ Կրծքի երեխաների դեպքում առաջին պլան է մղվում ընդհանուր վիճակի վատթարացումը, այսինքն՝ անհանգստությունը, կրծքի կաթից հրաժարվելը, թուլությունը, ախորժակի անկումը։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ Կարինե Սիմոնյանը խորհուրդ է տալիս՝ 

  • Անհրաժեշտության դեպքում պահպանել անկողնային ռեժիմ: 
  • Հաճախակի լվանալ ձեռքերը, քանի որ վարակը հեշտ փոխանցվում է կեղտոտ ձեռքերի միջոցով։ 
  • Օրվա ընթացքում 2 անգամից ոչ պակաս օդափոխել այն տարածքը, որտեղ գտնվում է երեխան։ 
  • Սեզոնային գրիպի ժամանակ կարևոր է խուսափել վարակի աղբյուրների հետ շփումից, քիչ օգտվել տրանսպորտից, զերծ մնալ հյուր գնալուց, սակայն հաճախակի զբոսնել երեխաների հետ մաքուր օդին։ Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են կրել դիմակ։ 
  • Չտալ երեխային ասպիրին՝ Ռեյի համախտանիշի առաջացման բարձր ռիսկի պատճառով։ Այդ համախտանիշին հատուկ են գլխուղեղի այտուցը, սրտխառնոցը, գիտակցության վատթարացումը։ 
  • Չտալ հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, քանի որ դրանք վիրուսի վրա չեն ազդում։ 
  • Հնարավորինս խուսափել մինչև 12 տարեկան երեխաներին անալգին տալուց: 
  • Չկաթեցնել քթի մեջ հակաբիոտիկների լուծույթներ և անոթասեղմիչ կաթիլներ։ 
  • Եթե քթի լորձաթաղանթը չորանում է ու երեխան դժվար է շնչում, օգտագործում են աէրոզոլի կամ ֆիզիոլոգիական (ցանկալի է 0,9% NaCl) լուծույթի կաթիլներ։ Թարախային ռինիտի, այսինքն՝ քթից թարախային արտադրության դեպքում պետք է դիմել մանկաբույժի: 
  • Անթույլատրելի է առանց բժշկի հետ խորհրդակցելու օգտագործել հակավիրուսային միջոցներ։ 

Մասնագետը նշում է՝ որպես ջերմիջեցնող` կարելի է կիրառել պարացետամոլը, որը փոքրիկների համար նշանակվում է սիրոպների կամ ռեկտալ մոմիկների տեսքով։ Ավելի մեծ տարիքի երեխաների համար կարելի է օգտագործել նաև հաբեր։ Եթե ջերմությունը չի իջնում, սիրոպի տեսքով պարացետամոլի ընդունումից հետո, կարելի է օգտագործել երկրորդ դեղաչափը նաև իբուֆենի ռեկտալ մոմիկի տեսքով համապատասխան հասակային դեղաչափով։ Ջերմիջեցման համար անհրաժեշտ է թեթև հագցնել երեխային և, իհարկե, տալ առատ հեղուկներ՝ թարմ հյութ, ջուր ու ռեգիդրոն։ Բարձր ջերմությունը միանշանակ առաջացնում է անհանգստություն, ազդում երեխայի վիճակի վրա, սակայն պետք չէ մոռանալ՝ ջերմությունը օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանական ռեակցիան է վիրուսի հանդեպ։

Կանխարգելիչ միջոցներից լավագույնը պատվաստումն է, սակայն դա պետք է իրականացնել ժամանակին:  Իմունիզացիայի օպտիմալ ժամկետներն են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները։ Անհրաժեշտ է, որ երեխայի օրգանիզմը հասցնի «զինվել» պատվաստման դեմ հակամարմիններով։

 

 

 

 

Աղբյուրը՝ Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիր