Ինչո՞վ է դդմիկն օգտակար փոքրիկների համար

Դդմիկը ցածր ալերգեն, թեթև բանջարատեսակ է, որը կարելի է առաջարկել փոքրիկին հավելյալ սննդի ներմուծման սկզբում՝ 6 ամսականը լրանալուց հետո։

Այն չի պարունակում կոպիտ մանրաթելեր, որոնք մարսելը դժվար կլինի, ընդհակառակը՝  պարունակում է սննդային մանրաթելեր, որոնք օգնում են կարգավորել փոքրիկի աղիների շարժունակությունն ու նվազեցնել փորկապության առաջացման վտանգը։ Դդմիկի բաղադրության մեջ առկա են բալիկի ներդաշնակ աճին և զարգացմանն անհրաժեշտ վիտամիններ ու հանքանյութեր: Նրա մեջ կան վիտամին C (օգնում է պահպանել իմունային համակարգը), կալցիում (կարևոր է ամուր ատամների և ոսկորների ձևավորման համար), երկաթ (մասնակցում է արյունաստեղծման գործընթացին), ինչպես նաև կալիում ու ֆոսֆոր՝ նյութափոխանակության պրոցեսների համար։ Այս բանաջարատեսակը կարոտինոիդների հրաշալի աղբյուր է։  Կարոտինոիդների շնորհիվ օրգանիզմում արտադրվում է վիտամին A, ինչը կարևոր է տեսողության բարելավման, հյուսվածքների ձևավորման համար։ Բացի այս, դդմիկը դիետիկ մթերք է և պարունակում է մեծ քանակությամբ պեկտին: Սննդի մեջ դդմիկի օգտագործումը կանխում է ճարպակալումն ու օգտակար է սրտանոթային, երիկամային հիվանդությունների կանխարգելման համար։

Դդմիկի հետ ծանոթությունը կատարվում է  աստիճանաբար՝ խյուսի տեսքով՝ սկսած 1 թեյի գդալից։  Երեխային խյուսը տալիս պետք է համոզվել, որ այն չի պարունակում կոշտ մասնիկներ: Դդմիկի խյուսին չպետք է ավելացնել աղ, շաքարավազ, համեմունքներ և այլ հավելումներ։ Պետք չէ բալիկին ծանոթացնել նոր մթերքի հետ հիվանդ ժամանակ, քանի որ այդ դեպքում անծանոթ սնունդը կարող է վատ ընկալվել օրգանիզմի կողմից:

Ընդհանուր առմամբ, դդմիկի չեզոք համը դուր կգա երեխային ու կխթանի նոր համեր փորձելու ցանկությունը: Մոտ 9 ամսականից, երբ փոքրիկը սովորի ուտելիքը ձեռքում պահել, մայրիկը կարող է տալ բալիկին խաշած դդմիկի մանր կտորներ՝ նախապես կորիզները հանած։ Այդպիսով նա  կօգնի երեխային զարգացնել ծամելու հմտությունները  և ձևավորել առողջ սնվելու մշակույթ: 

 

Աղբյուրը՝ prikorm.org