Արարատ լեռը հայ ժողովրդի կարևորագույն ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։
Այն մեծ տեղ ունի հայ գրականության և մշակույթի մեջ։ Նոյյան տապանի հետ այն պատկերված է Հայաստանի զինանշանի վրա։ Արարատ լեռը պատմականորեն ասոցացվել է Հայաստանի հետ և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ։
Արարատը հանգած հրաբուխ է Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)։ Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է։
Արարատի գագաթը պատված է հավերժական ձյունով (ստորին սահմանը՝ 4100-4250մ), որից սնվում են մոտ 30 սառցադաշտ: Սառցադաշտերը հարավարևմտյան լանջին իջնում են մինչև 3850մ: Անթրոպոգենի սառցապատման հետքերն այստեղ նկատելի են 2800-3000մ բարձրությունների վրա: Զառիկող լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»:
Արարատը հարուստ է զանազան կենդանիներով ու թռչուններով: Հնում Արարատը հռչակված էր, որպես Հայոց արքունական որսատեղի:
Արարատն այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունն արձանագրված է Աստվածաշնչում: Այսպիսով Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը: Արարատից Նոյն իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:
Իր գեղեցկությամբ, դժվարամատչելիությամբ ու բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա: Արժանացել է պաշտամունքի և առասպելաբանության: Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր, որոնք Մասիսը իբրև հսկել են մարդկանց ներխուժումից, անդնդակուլ արել հանդուգն սահմանախախտներին: