Baby boom. Միայն, երբ միջամտում են պատերազմներն ու աղետները

Վերջին չորս տարիներին Հայաստանում ծնելիության աննախադեպ անկման մասին հարցը Առողջապահության նախարարությունից առաջարկում են չուղղել իրենց: «Ծննդօգնությունը Հայաստանում անվճար է և ԱՆ լավագույն ռեֆորմներից է: Դիմե՛ք վիճակագիրներին, այլ մարմինների»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱՆ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:


Հիշեցնենք, որ երեկ «Հայկական ժամանակը»՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին երեք ամիսներին ծնված 9. 569 երեխաների ցուցանիշը 5.7 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշներից, իսկ, առհասարակ, ամենացածրն է վերջին չորս տարիներին:


Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը համամիտ է , որ ծնելիության ցուցանիշը նախարարության հետ կապ չունի:


Tert.am-ի հետ զրույցում Արարատ Մկրտչյանը նկատեց, որ ինքը դեռ ամիսներ առաջ հանդես էր գալիս հոդվածներով ու հարցազրույցներով, որոնցում զգուշացնում էր, որ ծննդօգնության հավաստագրի ինստիտուտը ներդրած կոալիցիան իզուր է իր ձեռքբերում համարում այն, որ 2009-2010 թթ. գրանցվել է ծնելիության համեմատաբար բարձր ցուցանիշը: 
Հիշեցնենք, որ այդ տարիներին արձանագրվել էին միջինից շուրջ 3000–ով ավելի ծնունդներ:


«Վերջապես ԱՆ-ն էլ եկավ այդ եզրակացության , և օբյեկտիվ են իրենք ասել: Եվ առհասարակ,Առողջապահության նախարարության ներդրումը ծնելիության ցուցանիշի բարձրացման հարցում շատ աննշան է: Ընդամենը այդ ցուցանիշի վրա կարող է ազդել անպտղության դեպքերի բուժումը կամ կանխարգելման ծրագրերը»,-ասաց ԱՆ նախկին նախարարը:


Այս տարիներին ծնելիության համեմատաբար բարձր ցուցանիշը Արարատ Մկրտչյանը պայմանավորում է Հայաստանում հետպատերազմյան (արցախյան –խմբ.), հետերկրաշարժյան տարիների սերնդի առկայությամբ : «Երկրաշարժերից, աղետներից, պատերազմներից հետո կտրուկ ավելանում է ծնելիությունը, դա ամբողջ աշխարհում է, դա պաշտպանական, կենսաբանական ռեակցիա է»,- ասաց Արարատ Մկրտչյանը:


Այսինքն, ըստ վերը նշված բացատրության, 90-ականների սկզբին ծնված սերունդն է շատ եղել, որն էլ հասնելով վերարտադրության տարիքի՝ մեծ թվով երիտասարդ նորաստեղծ ընտանիքներ է կազմել:


Այսպիսով, ըստ Արարատ Մկրտչյանի, ծնելիության ցուցանիշն առաջին հերթին պայմանավորված է ժողովրդագրական պատկերով ու երկրի սոցիալական վիճակով: Այսինքն՝ Արարատ Մկրտչյանը ծնունդների նվազեցման միտումը պայմանավորում է առաջին հերթին արտագաղթով:


«Հիմա տարբեր կուսակցություններ այս նախընտրական շրջանում տարբեր ծրագրեր են ներկայացնում առաջին երեխայի համար էսքան, էն մյուսի համար 2 միլիոն, երրորդի համար՝ 3»,- ասաց Արարատ Մկրտչյանը և հավելեց, որ եթե նման ներդրումները խթանեին ծնելիությունը, ապա սոցիալական բարձր մակարդակ ունեցող եվրոպական երկրներում պետք է արձանագրվեր baby boom (ծնելիության աննախադեպ աճ): Մինչդեռ այս երկրներում մշտապես ծնելիության ամենացածր մակարդակն է գրանցվում:


Արարատ Մկրտչյանը նաև ասաց, որ խորհրդային տարիներին Հայաստանում ծնելիության ցուցանիշը կազմում էր տարեկան 80-82 հազար, իսկ անկախության առաջին տարիներին կրճատվել էր շուրջ կիսով չափ:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am