Հայաստանի Ազգային հերոսը ՀՀ պետական բարձրագույն կոչումն է:
Այն շնորհվում է ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց՝ երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման, ստեղծած ազգային նշանակալի արժեքների և Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար: Հայաստանի Ազգային հերոսի կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան և ՀՀ նախագահի պատվոգիր:
Մինչ այժմ Հայաստանի ազգային հերոսի կոչումը շնորհվել է 27 անձի, որոնցից 26-ն ազգությամբ հայ են, մեկը՝ ռուս։
Հերոսներից 13-ին կոչումը շնորհվել է հետմահու։
- Հայաստանի Ազգային հերոսի կոչումն առաջինը շնորհվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին (28.7.1994 թ.)՝ ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար։
- Համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին (14.10.1994 թ.)՝
- Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար ազգային հերոսի կոչում է շնորհվել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանին (14.10.1994 թ.)՝
- Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել 7 ազատամարտիկի՝ Մովսես Գորգիսյանին, Վիտյա Այվազյանին, Գեղազնիկ Միքայելյանին, Մոնթե Մելքոնյանին, Ջիվան Աբրահամյանին, Թաթուլ Կրպեյանին, Յուրա Պողոսյանին։
- ՀՀ նախագահի 1999 թ-ի դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել ԱԺ նիստերի դահլիճում 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և վարչապետ Վազգեն Սարգսյանին:
- ՀՀ նախագահի 2004 թ-ի մայիսի 27-ի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Շառլ Ազնավուրին՝ աշխարհին Հայաստանի ներկայացման գործում և երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար և Քըրք Քըրքորյանին՝ համազգային նշանակության բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար:
- Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել նաև ԽՍՀՄ պետական և քաղաքական գործիչ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, հայ ժողովրդին դժվարագույն պահերին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար:
- Հայաստանի ազգային հերոսի կոչում են ստացել նաև Էդուարդո Էռնեկյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ռուբեն Սանամյանը, Հրայր Հովակիմյանը, Վահագն Ասատրյանը, Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը, Գարեգին Պողոսյանը, Թաթուլ Ղազարյանը, Հրաչյա Անդրեասյանը, Գուրգեն Դալիբալթյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը։