Երեխայի սննդակարգը նրա աճի և զարգացման ամենակարևոր նախապայմանն է: Երեխան պետք է սնվի բազմազան կերակրատեսակներով, այնպես որ, արժե նաև ձու ներառել երեխայի սննդակարգում, քանի որ այն սպիտակուցի հսկայական պաշար է:
Սակայն երբեմն մայրիկները դժվարանում են ձվի ընտրության հարցում՝ տատանվելով՝ տնակա՞ն, թե՞ գործարանային պայմաններում արտադրված ձու տալ երեխային: Այսօր փորձելու ենք պարզել՝ ի՞նչ օգտակար բաղադրիչներով է օժտված ձուն ու ի՞նչ վիճակում (ձվածե՞ղ, թե՞ խաշած, կիսահու՞մ, թե՞ եփված) պետք է այն տալ երեխային:
Սննդագետ Դավիթ Պիպոյանի խոսքով՝ տնական ձուն համարվում է բարձր ռիսկային՝ հաշվի առնելով, որ այն հողի վրա է պահվում: Մանկաբույժ Աիդա Պապիկյանն էլ այն կարծիքին է, որ տնական ձուն առավել ռիսկային է պահպանման և ժամկետների տեսանկյունից, ուստի գործարանային պայմաններում արտադրվող ձուն առավել անվնաս է: Այլ հարց է, թե նախքան ուտելը ինչպե՞ս պետք է պատրաստել այն:
Լվանա՞լ նախքան եփելը, թե՞ ոչ
Տարածված կարծիք կա, որ նախքան եփելը հարկավոր է լվանալ ձուն, սակայն այդ մոտեցումն այնքան էլ ճիշտ չէ: Նախ՝ այլ մթերքների հետ լվանալիս ձվի վրա առկա մանրէները կարող են վարակել մյուս մթերքները։ Բացի դրանից, լվանալիս ձվի պաշտպանիչ շերտը վնասվում է, և մանրէները կարող են կեղևի անցքերով ներթափանցել ներս: Ուստի, եթե ձուն շատ կեղտոտ է, ապա եփելուց առաջ հարկավոր է պարզապես մաքրել թաց կտորով կամ անձեռոցիկով:
Ձվածե՞ղ, թե՞ խաշած
Մանկաբույժ Աիդա Պապիկյանի համոզմամբ՝ ձուն անվտանգ է միայն պինդ եփած վիճակում։ Իսկ այդպիսի վիճակ ստանալու համար հարկավոր է ձուն եփել 10-15 րոպե: Եթե ցանկանում եք ձվածեղ պատրաստել, ապա այս դեպքում հարկավոր է երկու կողմն էլ լավ եփել: Այն կարելի է պատրաստել թե՛ ձեթով, թե՛ կարագով: Չնայած՝ փոքր տարիքի երեխաների համար նախընտրելի է կարագով՝ հաշվի առնելով, որ երեխայի աճի և զարգացման համար անհրաժեշտ են բավարար քանակությամբ ճարպեր։
Ե՞րբ սկսել փոքրիկին ձու տալ
Ձու կարելի է տալ՝ սկսած 7 ամսականից՝ քիչ-քիչ այն ներմուծելով երեխայի սննդակարգ։ Եթե ալերգիկ նշաններ չեն նկատվում երեխայի հետ, ապա կարելի է համարձակորեն ձու տալ երեխային։
Ներկայում մանկաբույժները խորհուրդ են տալիս ձուն և ձվի սպիտակուցը հնարավորինս շուտ ներմուծել երեխայի սննդակարգ, քանի որ դա որոշ չափով կարող է կանխել ձվի սպիտակուցի նկատմամբ զարգացող ալերգիաները: Սա վերաբերում է նաև այլ`բարձր ալերգիկ բնույթի սննդամթերքներին:
Կարելի է՞ ամեն օր ձու ուտել
Մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխային ձու տալ շաբաթական 3 անգամ, այլ կերպ ասած`օրը մեջ: Թեև սննդաբան Լիդիա Այվազյանը նշում է՝ չկան ապացույցների վրա հիմնված տվյալներ, որ ամեն օր ուտելը վնաս է օրգանիզմին: Ամեն դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել և ոչ մի սննդատեսակ:
Հեղինակ՝ Նորա Հայրապետյան