6 ամսականից սկսած՝ փոքրիկների սննդակարգի մեջ միսը պետք է զբաղեցնի կարեւոր տեղ: Մանկաբույժ Գոհար Քյարունցի օգնությամբ փորձեցինք պարզել՝ կարելի է, արդյոք, աղացած միս տալ մանկահասակ երեխային և եթե այո, ապա որ տարիքից ու ինչպես։
Կարելի՞ է, արդյոք, աղացած միս տալ փոքրիկին։
Մինչև 1 տարեկանը խորհուրդ չի տրվում երեխային աղացած միս տալ։ Բանն այն է, որ աղացած մսի մեջ բակտերիաները արագ են զարգանում, և վարակների վտանգ կարող է լինել, իսկ 0-1 տարեկան երեխայի աղեստամոքսային հակ դեռևս լավ ձևավորված չէ, և աղացած միսը կարող է վատ անդրադառնալ փոքրիկի աղեստամոքսային համակարգի վրա:
Մինչև 1 տարեկանը ի՞նչ տեսքով մատուցել միսը փոքրիկին։
Միս պետք է տալ 6-7 ամսականից: Մինչև 1 տարեկանը ցանկալի է միսը խաշել , այնուհետև աղալ և ավելացնել բանջարեղենային կամ այլ խյուսերի եւ շիլաների մեջ, օրինակ՝ բրնձի, հնդկաձավարի։
Կարելի՞ է աղացած միսը տապակած վիճակում տալ երեխային։
Մինչև 2 տարեկանը չի թույլատրվում: Ցանկալի է տապակած միս տալ 2 տարեկանից հետո:
Շաբաթական քանի՞ անգամ է ցանկալի միս տալ փոքրիկին։
Ցանկալի է շաբաթը 5 անգամ միս տալ՝ 50 գրամի չափով: Պետք է միսը աղալ տանը, քանի որ աղալուց առաջ այն հարկավոր է մի լավ լվանալ:
Ի՞նչ անել, եթե երեխան միս չի սիրում։
Առհասարակ, միս չսիրող երեխային այն պետք է տալ սիրելի մթերքի հետ խառնած։ Միսը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, ինչն անհրաժեշտ է օրգանիզմին: Իսկ եթե երեխան մսից կտրականապես հրաժարվում է, ապա պետք է երկաթի պաշարները լրացնել վիտամինների միջոցով։
Հեղինակ՝ Նորա Հայրապետյան