Քնին պատրաստվելը երեխայի հետ զգայական մերձեցման լավ ժամանակ է: Մանկիկի համար գիրք կարդացեք, օրորոցային երգեք, թույլ մերսում կատարեք, խոսեք ցածր և հանգիստ ձայնով:
Եթե երեխան շատ շարժուն է, հնարավոր է, որ օրինակ, մի քանի անգամ հարկավոր լինի կրկնել «քնելու ժամն է» արտահայտությունը: Արտասանեք այն չեզոք ու հանգիստ ձայնով, առանց այն հրամանի վերածելու:
Փոքրիկին նվիրեք խաղալիք «լավ երազների համար»: Դա կարող է լինել ոչ մեծ փափուկ խաղալիք: Ասացեք փոքրիկին, որ խաղալիքը նրան կպարգևի լավ ու բարի երազներ: Ճամփորդելիս էլ խաղալիքը ձեզ հետ տարեք, դա լավ միջոց է երեխային անվտանգության զգացողություն ապահովելու համար, անկախ քնելու վայրից:
Թույլ տվեք, որ երեխան ակտիվ մասնակցի քնին պատրաստվելու գործընթացին. ինքն ընտրի, թե ինչ հեքիաթ իրեն կպատմեք, ինչ օրորոցայիհ կլսի կամ ինչ գիշերազգեստ կհագնի:
Մանկիկին քնին նախապատրաստելու համար կարելի է կիրառել նաև «ծիսակարգային խաղեր»:
«Քնի ծեսեր»
Հաճախ երեխաներին դժվար է կտրվել սիրելի խաղից կամ հեռուստացույից, երբ ծնողներն ասում են, որ արդեն ուշ է և քնելու ժամն է: Ուստի կարելի է կիրառել այսպես կոչված «քնի ծեսեր», որոնք մի կողմից կհանգստացնեն երեխայի նյարդային համակարգը, մյուս կողմից քնին պատրաստվելը հաճելի կդարձնեն: Դրանք հանգիստ խաղեր են, որոնք պետք է լինեն ամենօրյա, հնարավորության դեպքում սկսվեն միշտ նույն ժամին և տևեն շուրջ երեսուն րոպե:
Կարևոր է ընտրել հանգիստ խաղեր, որ երեխայի մոտ զգայական ակտիվություն չառաջանա: Կաթնակեր մանկիկների համար դա կարող է լինել նույն օրորոցային երգելը ամեն երեկո: Իսկ մեկ-երեք տարեկան երեխաների դեպքում կարելի է կիրառել հատուկ խաղեր:
Օրինակ, «Արջուկը» խաղը: Մեծահասակը ցույց է տալիս շարժումներ, իսկ մանկիկը կրկնում է դրանք:
Ծուռթաթ արջը քայլում է անտառով,
Հավաքում է կոններն ու երգում (ցույց տալ, թե ինչպես է արջը քայլում անտառով)
Հանկարծ կոնն ընկավ ուղիղ արջի ճակատին (աջ ձեռքով դիպչել ճակատին)
Արջուկը բարկացավ ու ոտքով` դըըըըմփ (ոտքով հարվածել հատակին)
Այլևս ես կոն չեմ հավաքի (մատը թափահարել)
Ավելի լավ է ես գնամ քնելու (միացնել ափերը և դնել այտին մոտ):
Նման խաղից հետո կարելի է հավաքել խաղալիքները` դա վերածելով ծիսակարգային խաղի: Կարելի է ասել. «Խաղալիքները հոգնել են ու ուզում են քնել: Պետք է նրանց օգնենք, որ իրենց տնակը գտնեն»:
Քնին պատրաստվելիս խրախուսեք մանկիկին, որ հասկանում է պետք է քնել, հավաքել խաղալիքները և այլն:
Ավելի մեծ տարիքի երեխաների համար կարդացեք գրքեր կամ քնից առաջ պարզապես հանգիստ զրուցեք: Կարելի է պատմել հորինված պատմություն` թույլ տալով, որ փոքրիկը մի քիչ երևակայի: Պատմեք նրան որևէ ծանոթ վայրի մասին, օրինակ, այգու, անտառի: Խնդրեք, որ նա փակի աչքերը և պատկերացնի այդ վայրը: Դուք էլ հանգիստ, ցածր ձայնով նկարագրեք այդ վայրը: Պատմեք բարի և իմաստուն մարդկանց, կենդանիների մասին: Երբ մանկիկը մի քիչ մեծանա, դուք կարող եք պատմությունը սկսել` շարունակությունը թողնելով նրան:
Ծեսն ավարտելով հաստատակամ երեխային բարի գիշեր մաղթեք և դուրս եկեք սենյակից:
Աշխատեք, որ պահպանեք քնի ժամն ու ծեսերը նաև ճանապարհորդելիս, տոնական օրերին և այլն: Երեխաների համար դժվար է վերադառնալ սահմանված օրակարգին, եթե այն խախտվել է:
Խաղեր ջրով
Ծիսակարգային կարող է դառնալ նաև խաղը ջրի հետ: Ջուրը դրական է ազդում երեխայի զգայական վիճակի վրա: Ջրին դիպչելով` երեխան հաճելի զգացումներ է ունենում: Հոսող ջրի ձայնը հանգստացնում է երեխային, հանում զգայական լարվածությունը:
Կարելի է կիրառել հետևյալ խաղերը.
Խաղ «Լցնումիկ». Այս խաղի համար հարկավոր է մի քանի բաժակ և թաս: Ցույց տվեք մանկիկին, թե ինչպես կարելի է ջուրը մի տարայից մյուսը կցնել: Նման խաղերը զարգացնում են նաև երեխայի կոորդինացիան:
Խաղ« Բռնիր սառցակտորը». Տաք ջրով թասի մեջ գցեք մի քանի կտոր սառույց ու մանկիկին առաջարկեք բռնել դրանք:
Խաղ «Բռնիր խաղալիքները». Առաջարկեք, որ մանկիկը իր խաղալիքներից գցի ջրով տարայի մեջ, իսկ հետո, օրինակ, երկու մատով, ցանցով կամ այլ միջոցներով բռնի դրանք ու դուրս հանի ջրից:
Այս թեմայով կարդացեք նաև`
Շարունակելի
Նյութն ըստ «Մեծացնում ենք փոքրիկին» ամսագրի
Հեղինակ` մանկական հոգեբան Սոֆյա Պոզդնյակովա