Ծնողները հաճախ են դժգոհում, որ իրենց փոքրիկը հրաժարվում է գնալ քնելու, քնի ժամին կամակորություն է անում, լացում ու տարբեր մեթոդների դիմում, որպեսզի չպառկի քնելու:
Ինչո՞ւ է այդպես և ի՞նչ կարող են անել ծնողները:
Ինչո՞ւ երեխաները չեն սիրում քնել
Ամերիկացի հոգեբան Ալան Ֆրոմը հետևյալ պատճառներն է առանձնացրել.
- Փոքրիկի համար քնելը նշանակում է հրաժարվել որևէ սիրելի զբաղմունքից կամ բաժանվել հաճելի միջավայրից, օրինակ, ծնողներից
- Երեխաները գիտեն, որ մեծահասակները դեռևս չեն պառկում քնելու, ուստի մտածում են, որ մեծահասակներն իրենց թույլ են տալիս մի բան, որն իրենց արգելված է
- Հաճախ հնարավոր է, որ մանկիկը դեռ չի հոգնել
- Երբեմն երեխաները վախենում են մթությունից
- Հնարավոր է, որ փոքրիկը վախենալու երազներ է տեսել և այդ պատճառով հակակրանք է առաջացել քնի նկատմամբ
- Բացառված չէ, որ մեծահասակները, համոզելով երեխային քնել, նրան շատ են երես տվել և այժմ այդպիսով երեխան մանիպուլյացիայի է ենթարկում նրանց:
Հոգնածության նշանները
Կարևոր է սովորել նկատել երեխայի հոգնածության առաջին իսկ նշանները, որպեսզի թույլ չտաք, որ քնից առաջ շատ ակտիվանա ու հուզվի: Դա անելը բարդ չէ: Եթե նկատել եք ստորև թվարկված նշաններից մեկը կամ մի քանիսը, ապա ձեր փոքրիկին հանգիստ է հարկավոր.
- Լաց առանց պատճառի, կամակորություն
- Փոքրիկը սկսում է տրորել աչքերը և հորանջել
- Ծծում է մատը կամ խաղալիքը, քաշքշում է շորի կոճակները
- Խախտվում է շարժումների կոորդինացիան, փոքրիկը գցում է խաղալիքները կամ խաղալիս սխալ է թույլ տալիս
- Շարժումները դանդաղում են
- Առաջանում է երեխային ոչ բնորոշ ագրեսիվություն. թափթփում է խաղալիքները կամ խլում դրանք, գոռում է, ընկնում հատակին և այլն
- Կարող է առաջանալ մանկիկին ոչ բնորոշ չափազանց ակտիվություն. աննպատակ վազվզում է, թռչկոտում, հրում:
Հենց նկատեք այս նշանների ի հայտ գալը, ճիշտ ժամանակն է փոքրիկի ուշադրությունը շեղել և տրամադրել քնելուն:
Շարունակելի
Նյութն ըստ «Մեծացնում ենք փոքրիկին» ամսագրի
Հեղինակ` մանկական հոգեբան Սոֆյա Պոզդնյակովա