Քնի մեջ անկողնում միզելը, այսինքն՝ տակն անելը, շատ տարածված երևույթ է երեխաների շրջանում: ԱՄՆ-ում մոտ 5 միլիոն երեխա գիշերը թրջում է տակը:
Համաձայն Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիայի՝ նրանց 20 տոկոսը 5 տարեկան է, 10 տոկոսը՝ 7 տարեկան, 5 տոկոսը՝ 10 տարեկան: Շատ հաճախ երեխաները գիշերը միզում են անկողնում, քանի որ օրգանիզմը պատրաստ չէ, այսպես կոչված, «գիշերային չորության»:
Ամենակարևորը՝ պետք է հիշել, որ գիշերային միզարձակումն ակամայից է տեղի ունենում, այսինքն`ձեր երեխան չի կարող կառավարել այն: Բայց բժշկի օգնությամբ խնդիրը հնարավոր է հաղթահարել:
Պատճառները
Թե ինչու են երեխաները գիշերը թրջում անկողինը, դեռևս ամբողջությամբ պարզ չէ, այսինքն՝ մասնագետները բոլոր իրավիճակների համար չունեն պատասխաններ: Շատ երեխաների դեպքում դա զարգացման սովորական փուլ է և մեծապես պայմանավորված է ստորև նշված պատճառներով.
Երեխայի օրգանիզմը դեռ զարգանում է
Հավանական է՝ երեխայի միզապարկը, նյարդային համակարգը և ուղեղը դեռ զարգանում են:
Գենետիկ գործոն
Եթե երեխայի ծնողները փոքր տարիքում նույնպես գիշերը թրջել են անկողինը, հավանական է՝ փոքրիկի խնդիրն ունենա գենետիկ հիմքեր:
Երեխայի օրգանիզմը շատ մեզ է արտադրում գիշերը
Հնարավոր է՝ երեխայի օրգանիզմը բավականաչափ չի արտադրում այն հորմոնը, որը գիշերը նվազեցնում է միզարտադրությունը: Թեև գիշերը շատ հեղուկի օգտագործումը ևս կարող է դերակատարում ունենալ, այդուհանդերձ, հեղուկի սահմանափակումը չի նշանակում գիշերամիզության բուժում:
Երեխան շատ խորն է քնում
Շատ երեխաներ այնքան խորն են քնում, որ ուղեղին չի հասնում ազդակը, որ միզապարկը լիքն է և պետք է դատարկել:
Երեխայի առօրյան խախտել է
Գիշերամիզությունը կարող է նաև երեխայի հոգնածության, որոշ հիվանդությունների կամ սթրեսի հետևանք լինել: Երեխայի կյանքում տեղի ունեցող մեծ փոփոխությունները ևս կարող են գիշերամիզության պատճառ լինել, օրինակ` երկրորդ երեխայի ծնունդը ընտանիքում կամ դպրոց հաճախելը:
Առողջական խնդիրներ
Հնարավոր է`գիշերամիզության պատճառ լինեն գազերն ու միզուղիների բորբոքումը, որոնք հեշտությամբ բուժվում են: Պետք է նկատել, որ լինում են նաև ավելի լուրջ խնդիրներ, օրինակ`շաքարային դիաբետը, որը, սակայն, տարածված պատճառների շարքում չէ:
ՀԳ. Ամեն դեպքում, եթե երեխայի մոտ տևական ժամանակ նկատվում է խնդիրը, պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ, հատկապես եթե կան նաև անհանգստացնող այլ գործոններ:
Շարունակելի
Աղբյուրը`babycenter.com
Կարդացեք նաև՝ Ի՞նչ պետք է տեղի ունենա երեխայի հետ, որպեսզի նա դադարի տակն անել
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի օգնեք երեխային հաղթահարել գիշերամիզությունը