Երեխան երբեմն գիշերվա ժամերին քնած ժամանակ սկսում է լացել: Նա կարծես արթուն է ու ինչ-որ բանից վախեցած:
Սակայն իրականում երեխան լացի պահին քնած է, իսկ առավոտյան անգամ չի էլ հիշի գիշերվա միջադեպի մասին: Այս երևույթը կոչվում է գիշերային վախ:
Այն առաջանում է խորը քնի փուլից կտրուկ մակերեսային քնի փուլին անցնելիս:
Սովորաբար գիշերային վախի նոպաները դրսևորվում են քնելուց հետո 2 ժամվա ընթացքում:
Երեխան կարող է 5-20 րոպե անմխիթար լաց լինել, շատ շփոթված և վախեցած թվալ: Դա կարող է ուղեկցվել քրտնարտադրությամբ, հաճախացած շնչառությամբ: Հարկ չկա անհագստանալու, քանի որ երեխան չի հուզվում և չի տառապում: Նման դեպքում պետք է երեխային պաշտպանել վնասվելուց և զգուշորեն օգնել, որ վերադառնա բնականոն քնին:
Եթե գիշերային վախը հաճախ է կրկնվում, կարելի է երեխային արթնացնել նախքան այն ժամը, երբ սովորաբար վախի պոռթկումն է տեղի ունենում: Դա կարող է փոխել քնի փուլերի ընթացքը և կանխել անկանոն արթնացումը: Գիշերային վախի դրսևորումներից զերծ մնալու համար խորհուրդ է տրվում նաև խուսափել երեխայի գերհոգնածությունից: