Ժառանգականությունը, վատ էկոլոգիական պայմանները, բնածին կամ ձեռքբերովի հիվանդություններն այն հիմնական գործոններն են, որոնց ազդեցությամբ ձեր փոքրիկի տեսողությունը կարող է այնքան սուր չլինել։
Ցավոք, երբեմն ծնողները շատ քիչ ջանքեր են գործադրում դրանց ազդեցությունը չեզոքացնելու համար։ Մյուս կողմից՝ դրանց վնասակար ազդեցությունը հաճախ շատ են չափազանցնում։
Կան նաեւ փոքրիկի տեսողության վրա ազդող այլ պատճառներ՝ լիամետրաժ մուլտֆիլմերը, գրավիչ համակարգչային խաղալիքները, մայրիկների չափազանց եռանդուն ջանքերը՝ ուղղված երեխայի վաղ զարգացմանը, ծանրաբեռնվածությունը դպրոցում, ոչ մանկական գրքերի ընթերցանությունը, որոնց տպագիր տառատեսակը հարմար չէ երեխայի աչքերին եւ այլն։ Սրանց ազդեցությունը փոքրիկի աչքերի վրա շատ ավելի մեծ է, բայց բարեբախտաբար կարող է ծնողների օգնությամբ չեզոքացվել։
Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել եւ ինչի՞ մասին պետք է հիշել, որպեսզի հետագայում ակնաբույժին դիմելու կարիք չլինի։ Իսկ եթե պահն արդեն բաց եք թողել, եւ երեխայի տեսողությունն սկսել է վատանալ, ապա ինչպե՞ս կանգնեցնել կամ գոնե դանդաղեցնել այդ գործընթացը։
Այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ամբողջությունն ակնաբույժներն անվանում են տեսողության հիգիենա։ Նրանց խորհուրդները կարելի է բաժանել որոշակի խմբերի՝ կախված վնասակար ազդեցության գործոններից։
Հեռուստացույց.
Մինչեւ յոթ տարեկան երեխաների համար հեռուստացույց դիտելու ժամանակը չպետք է գերազանցի օրական 30-40 րոպեն, ավելի մեծ տարիքի երեխաների համար՝ 1,5-3 ժամը։
Երեխայի եւ հեռուստացույցի միջեւ եղած հեռավորությունը պետք է հեռուստացույցի էկրանի անկյունագիծը գերազանցի հինգ անգամ։ Օրինակ՝ 72 սմ անկյունագծով էկրան ունեցող հեռուստացույցը փոքրիկը պետք է դիտի մոտ 3,5 մետր հեռավորությունից։ Եթե սենյակի չափերը թույլ չեն տալիս դա իրականացնել, ապա ընտրեք էկրանի ավելի փոքր տրամագիծ ունեցող հեռուստացույց։
Ի դեպ, ակնաբույժների կարծիքով հեռուստացույցի տեսակը (էլեկտրոնային-ճառագայթող, հեղուկ-բյուրեղային եւ այլն) որեւէ կերպ չի ազդում աչքերի ծանրաբեռնվածության վրա (ինչ էլ որ գովազդեն արտադրողները)։
Համակարգիչ.
Ակնաբույժները միաբերան պնդում են. «Մինչեւ դպրոց հաճախելը ոչ մի համակարգիչ»։ Բնական է, որ մեր ժամանակներում, երբ գրեթե յուրաքանչյուրի տանը համակարգիչ կա, դրա օգտագործումը լիովին արգելելը չափազանց դժվար է։ Սակայն կարելի է սահմանափակել։ Եթե ձեր ընտանիքում կան տեսողության հետ կապված ժառանգական խնդիրներ, ապա այս հարցում անհրաժեշտ է ավելի խիստ լինել։ Եթե ամեն ինչ նորմալ է, ապա ակնաբույժները խորհուրդ են տալիս 7-9 տարեկան երեխաներին համակարգչի առջեւ օրական անցկացնել 15 րոպեից ոչ ավելի։ Տասը տարեկանից մեծ երեխաների համար այդ ժամանակն աստիճանաբար կարելի է հասցնել մինչեւ օրական 1,5 ժամի, բայց անպայման ընդմիջումներով, որոնց ընթացքում պետք է աչքերի վարժություններ կատարել։ Դրանց մասին կպատմենք քիչ ավելի ուշ։
Ընթերցանություն.
Կարդալիս աչքերը պետք է գրքից 30-33 սմ հեռու լինեն։ Գրքի էջերը պետք է վերեւից եւ ձախ կողմից լավ լուսավորված լինեն։ Որքան երեխան փոքր է, այնքան խիստ են գրքի տպագրությանը ներկայացվող պահանջները։ Դրանք են՝ մշուշոտ ֆոնը, սպիտակ տառեր սեւ գունավոր ֆոնի վրա, մանր տառատեսակ, լայն լուսանցքներ։ Այս ամենից պետք է խուսափել։
Ծանրաբեռնվածություն.
Յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխաները լինեն ամենա-ամենալավը։ Դա բնական է, սակայան պետք չէ մոռանալ չափի մասին։ Փոքր տարիքում ընթերցանությամբ, նկարչությամբ եւ քիչ շարժունակություն պահանջող զբաղմունքները պետք է անպայման հաջորդել մաքուր օդում աշխույժ վարժություններով։ Նույնը վերաբերում է նաեւ կրտսեր դպրոցի աշակերտներին։ առաջին դասարանում, երբ աչքերին բաժին ընկնող ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծանում է, դրան ավելացրած չոր ու անհարմար կահույքին երկար նույն դիրքով նստելը, դասասենյակի վատ լուսավորությունը երեխային մշտական սթրեսի են ենթարկում։
Այս պարագայում ի՞նչ կարող են անել ծնողները։ Առաջին հերթին, պետք չէ երեխային կշտամբել վատ գնահատականների համար եւ դրանով ավելի խորացնել սթեսային վիճակը։ Յուրաքանչյուր քառորդի վերջում ակնաբույժի մոտ ստուգեք երեխայի տեսողությունը։ Աշխատեք տեսողության հիգիենան պահպանել նաեւ տանը։
Ուսուցիչներն ու մայրիկները հարկ է իմանան, որ երեխան ծնվում է ոչ այնքան սուր տեսողությամբ։ Այն կարգավորվում է մոտավորապես յոթ տարեկանում։ Դա է այն պատճառներից մեկը, որ յոթ տարեկանից դպրոց գնալն ավելի նախընտրելի է։
Աղբյուրը` mes.am