«Իմ փոքրիկի» հարցերին պատասխանում է մանկաբույժ Անահիտ Եղիազարյանը:
Ժողովրդական խոսքի համաձայն՝ երեխաները քնի ժամանակ են աճում։ Իսկապե՞ս այդպես է և որքանո՞վ է կարևոր քունը երեխայի զարգացման համար:
Քնի ժամանակ վերականգնվում են երեխայի օրգանիզմի բոլոր համակարգերը, հատկապես նյարդային համակարգը: Քնի խանգարման դեպքում երեխաները նյարդային են լինում և կարող են վատ աճել: Չէի ասի, որ աճը միայն քնի ժամանակ է տեղի ունենում, սակայն առանց քնի, բնականաբար, կխանգարվի երեխայի աճը: Քունը առանցքային դեր ունի մեծ մարդկանց համար, իսկ երեխաների դեպքում լավ քնելը պարտադիր է:
Ինչպե՞ս կարգավորել նորածնի քնի ռեժիմը, երբ երեխայի մոտ խառնվում են գիշերն ու ցերեկը. ցերեկը քնում է, իսկ գիշերն արթուն է:
Պատահում է, իհարկե, երբ գիշերն ու ցերեկը խառնվում են, սակայն պետք չէ դա այդպես թողնել: Խորհուրդ եմ տալիս մայրերին ցերեկը խաղացնել երեխային, չթողնել, որ քնի: Այդպես երեխան գիշերն ավելի լավ կքնի, և ռեժիմը նորից կվերականգնվի: Նույնն էլ այն դեպքում, երբ ծնողը զգում է, որ երեխան ցերեկը շատ երկար է քնում, պետք է արթնացնել, այլապես գիշերը երեխան չի քնի: Գիշերն ու ցերեկը պահպանելը կարևոր է այնքանով, որ երեխայի կյանքի բնականոն ռիթմը չխանգարվի:
Ո՞ր տարիքում որքա՞ն պետք է քնի երեխան, և սահմանված նորմերը կարո՞ղ են տատանվել:
Նորածին երեխան առաջին ամսվա ընթացքում պետք է քնի 18 ժամ, հետո հաջորդ ամսից դա դառնում է 15 ժամ և ամեն ամիս պակասելով արդեն աստիճանաբար հասնում է տասը ժամի, իսկ 2-5 տարեկան հասակում ցերեկն առնվազն երկու ժամ երեխան պետք է քնի:
Ամեն երեխա անհատականություն է, կան երեխաներ, որոնք չեն սիրում ցերեկը քնել, ես խորհուրդ չեմ տա ստիպել ծնողներին: Եթե ցերեկը չքնելը երեխային չի խանգարում և նա արագ չի հոգնում, ապա վտանգավոր չէ, որ ցերեկը չքնի երեխան: Քնի նորմայից շեղումները անհատական են, եթե երեխան իրեն լավ է զգում, ապա ցերեկը քիչ քնելը թույլատրելի է:
Ինչպե՞ս կարգավորել երեխայի քնի ռեժիմը, ի՞նչ մեթոդներ են կիրառելի տարբեր տարիքային խմբերում:
Մինչև մեկ տարեկանը պետք է չխառնել երեխայի գիշերն ու ցերեկը, հետևել որ ժամանակին քնի, և ռեժիմի հետ խնդիրներ չեն առաջանա: Իսկ արդեն երկուսից մինչև հինգ տարեկան, եթե երեխան չի քնում, խորհուրդ կտամ զբոսանքի հանել, իր հետ շատ խաղալ, նա կհոգնի և անպայման քնելու ցանկություն կհայտնի: Երեխան, մինչև որոշակի քանակի էներգիա չծախսի, չի քնի:
Ո՞րն է ճիշտ մոտեցում՝ երեխայի համար քնելու և արթնանալու հստակ ռեժիմ ունենա՞լը, թե երեխայի՝ տվյալ պահի կարիքով առաջնորդվելը:
Ամեն դեպքում ճիշտ է հստակ ժամեր ունենալը, քանի որ այդտեղ պայմանական ռեֆլեքս է ձևավորվում, և երեխան սովորում է ռեժիմին: Ամեն երեխա անհատականություն է, և գուցե կան պահեր, երբ երեխայի անհատական կարիքը կարելի է հաշվի առնել, բայց հիմնականում հստակ քնի ռեժիմը նաև մեծերին չէր խանգարի: Այսպիսով պահպանվում են օրգանիզմի կենսաբանական ժամերը:
Ճի՞շտ մոտեցում է երեխային ստիպողաբար քնեցնելը կամ արթնացնելը:
Ստիպողաբար քնեցնելուն ես դեմ եմ. եթե երեխան ցերեկը չի ցանկանում քնել, պետք չէ ստիպել, իսկ արթնացնելու վերաբերյալ այլ կարծիք ունեմ: Եթե երեխան ցերեկն արդեն հինգ ժամ է, ինչ քնած է, ապա նրան պետք է արթնացնել, քանի որ գիշերը չի քնի: Շատ ծնողներ կարծում են, որ ավել քնելն օգտակար է, բայց ավել քնելը ևս կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի, առհասարակ մարդու օրգանիզմի վրա:
Ո՞րն է երեխաների՝ երեկոյան առավել դժվար քնելու պատճառը:
Պատճառը պարզ է. հիմնականում երեխաները երեկոյան ժամերին դժվար են քնում, քանի որ հանգիստ ռեժիմի մեջ չեն լինում: Հնարավոր է, որ երեխան որևէ ֆիլմ է դիտել քնելիս, կամ հայրն է աշխատանքից վերադարձել, և փոքրիկը սկսել է աշխույժ շարժումներ անել, խաղալ: Կարելի է երեխայի համար հանգիստ երաժշտություն միացնել, քնելուց առաջ շատ կուշտ չկերակրել, այլ քնից մոտ մեկ կամ երկու ժամ առաջ տալ մրգեր կամ կաթնային ուտեստներ:
Նելլի Խաչատրյան