Երբ երեխան սկսում է քայլել, նրան պետք են կոշիկներ, այն էլ շատ հարմարավետ:
Երեխայի ոտնաթաթն ունի մի շարք առանձնահատկություններ, որը ենթադրում է նաև հատուկ կոշիկ:
Փոքրիկի տոտիկն առջևում լայն է, իսկ հետևի մասում` նեղ, բացի այդ` ոտնաթաթը փափուկ է` կռճիկային վիճակում: Նեղ, անհարմար կոշիկը կարող է խեղել երեխայի ոտնաթաթերի իրական ձևը` դառնալով հետագա բարդությունների պատճառ:
Երեխան կարող է և չզգալ, որ կոշիկն իրեն նեղում է, հարմար չէ:
Կոշիկ գնելիս պետք է խորհրդակցել փորձառու վաճառողի հետ: Երբեք չի կարելի երեխային հագցնել ուրիշի հագած կոշիկ` «ժառանգված» ավագ երեխաներից:
Երեխայի համար պետք է ընտրել նրա ոտքի ձևին համապատասխան կոշիկ` բնական հումքից (կաշի, բամբակ), որպեսզի նրա տոտիկը «շնչի», և քրտինքը ներսում չհավաքվի: Երեխայի ոտքի մատները, կրունկը չպետք է սեղմվեն, ոչ էլ կոշիկների մեջ չափից ավելի ազատ լինեն:
Երեխայի ոտքերն արագ են աճում, այնպես որ պետք չէ թանկարժեք կոշիկներ գնել: Երկու ամիսը մեկ պետք է ստուգել կոշիկների մեծ կամ փոքր լինելը, իսկ հինգ ամսեկանից պետք է յուրաքանչյուր 4-6 ամիսը մեկ նոր կոշիկ գնել փոքրիկի համար:
Խրախուսեք երեխային, որ ցանկացած հնարավորության դեպքում բոբիկ քայլի, որպեսզի նրա ոտքերը հանգստանան: Բացի այդ, առանց կոշիկների քայլելը կանխարգելում է հարթաթաթության զարգացումը: