Երեխայի առողջ զարգացման ու կենսագործունեության համար կարևոր նշանակություն ունեն վիտամինները։
Օրգանիզմում դրանց պակասը հանգեցնում է վտանգավոր հիվանդությունների։ Վիտամինները օրգանիզմում չեն սինթեզվում կամ սինթեզվում են անբավարար քանակով: Այդ իսկ պատճաով պետք է հիշել, որ փոքրիկի համար վիտամինների աղբյուր է առաջին հերթին առողջ ու բուսական սնունդը։
Երեխայի օրգանիզմի առողջ ու բնականոն զարգացման համար կարևոր ու անհրաժեշտ վիտամիններից են A և D վիտամինները։
A վիտամին
Նպաստում է տեսողության բարելավմանը, օրգանիզմի աճին, լավ է անդրադառնում մաշկի որակի վրա։
Բայց A վիտամինը անկայուն միացություն է, օդի հետ շփվելիս արագ օքսիդանում է, իսկ լույսի ազդեցությամբ՝ քայքայվում։ Այդ իսկ պատճառով A վիտամին պարունակող բանջարեղենը երկար ժամանակ չի կարելի թողնել մանրացված։
A վիտամի լավագույն աղբյուր են ձկան յուղը և տավարի լյարդը, այնուհետեւ` կարագը, ձվի դեղնուցը, կաթը: Իսկ այս վիտամինի բուսական աղբյուրներն են կանաչ և դեղին բանջարեղենը` գազարը, դդումը, քաղցր պղպեղը, լոլիկը, սպանախը, բրոկոլին, կանաչ սոխը, դեղձը, ծիրանը, խնձորը, խաղողը, ձմերուկը, սեխը, մասուրը, չիչխանը և այլն։
D վիտամին
Անհրաժեշտ է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման և աճի համար։ Դրա բացակայությունը կարող է հանգեցնել այնպիսի վտանգավոր հիվանդության, ինչպիսին ռախիտն է։
Վիտամին D-ն հիմնականում սինթեզվում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ` մաշկի խոր շերտերում` խոլեսթերինից առաջացող պրովիտամին D-ից։
Բուսական ծագման սննդամթերքում վիտամին D գրեթե չկա։ Վիտամին D-ով հարուստ է ձկնամթերքը՝ ձկան յուղը, լյարդը։
Ձկան յուղ
Երեխայի օրգանիզմի համար դրա կարևորությունն ու օգտագործման կանոնները ներկայացնում է մանկաբույժ Մարինե Թանգյանը։
Ի ՞նչ է ձկան յուղը
Ձկան յուղը (Օմեգա 3) բավականին լավ ճարպանյութ է։ Օգտագործում են A և D ավիտամինոզների(բացակայության), ինչպես նաև արտաքին վերքերի բուժման համար։ Օգնում է նյութափոխանակությանը, բարձրացնում է երեխայի դիմադրողականությունը, ակտիվացնում է օրգանիզմը։
Ո ՞ր տարիքից և ի ՞նչ չափաբաժնով կարելի է երեխային տալ ձկան յուղ
Երեխային ձկան յուղ կարելի է տալ երկու տարեկանից սկսած, մինչև այդ դրա օգտագործումը չի խրախուսվում։
Մինչև վեց տարեկան երեխային պետք է տալ մեկ հաբից օրական 1-2 անգամ։ Վեց տարեկանից բարձր երեխաներին օրվա ընթացքում մինչև երեք անգամ կարելի է տալ։
Պե՞տք է, արդյոք, նախապես խորհրդակցել բժշկի հետ
Ձկան յուղը պատկանում է կենսաբանական ակտիվ նյութերի շարքին։ Սակայն առանց բժշկի իմացության, ցանկալի չէ օգտագործել։ Ցանկացած երեխա անհատական մոտեցում է պահանջում։ Խորհուրդ եմ տալիս ծնողներին նախապես անպայման խորհրդակցել բժշկի հետ։
Չարաշահել չի ՛ կարելի։ Չարաշահումը կարող է առաջացնել փսխում, լուծ։ Հետագայում էլ կբերի նյութափոխանակության խանգարումների։