Ի՞նչն է պետք արգելել երեխային և ինչպե՞ս

Երեխան շարժուն և աշխույժ է, վազում է մի կողմից մյուսը, քանդում է դարակները, ձեռքը տանում դեպի վարդակը կամ  միացնում գազօջախը:

Մենք ամեն կերպ փորձում ենք երեխային զերծ պահել վտանգից, սակայն նա չի հասկանում: Ի վերջո, ինչպե՞ս բացատրել երեխային՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ:

Ի՞նչն արգելել, ինչը՝ ոչ

Որպեսզի երեխան համոզվի, որ այսինչ բանն անել չի կարելի, պետք է գործի դնի իր 5 զգայարաններ՝ նայել, շոշափել, հոտոտել, լսել և զգալ համը: Պետք է պատրաստվել, որ երեխան ցանկանալու է ամեն ինչ տանել իր բերանը: Սակայն ի՞նչ անել, եթե դա ուտելիք չէ, այլ ձեր կոշիկը կամ տնային կենդանու կերը: Իհարկե, չի կարելի թողնել, որ նա դրանք համտեսի: Ընդամենը պետք է այդ իրերը հեռու պահել երեխայի աչքից:

Ինչպե՞ս ասել «չի կարելի»

Եթե որոշել եք ինչ-որ բան արգելել երեխային, ապա դա արեք այնպես, որ նա հասկանա առաջին իսկ անգամից: Դա կարող եք անել հետևյալ կերպ.

·        Արգելքը պետք է դնել խիստ տոնով՝ առանց ժպիտի կամ որևէ ակնարկի:

·        Արգելքներ սահմանեք առանց ներումների: Սա էլ անեմ ու վերջ, այս անգամ էլ թույլ տամ և վերջ: Ոչ: Եթե արգելում եք երեխային հեռախոսով զբաղվել, ապա երբեք թույլ մի տվեք նրան դա անել, միայն թե չխանգարի ձեզ:

·        Բացատրեք նրան արգելքի պատճառը: Դուք չեք թողնում նրան հեռախոսով խաղալ, քանի որ դա կվնասի նրա տեսողությունը, կամ թույլ չեք տալիս մատը տանի դեպի վարդակը, քանի որ կհոսանքահարվի: