Երեկո է, փոքրիկի քնելու ժամը: Ժամանակն է սկսել մշտական երեկոյան ծեսը` քնելուն նախապատրաստվելը` լվանալ ատամները, լողանալ և պառկել քնելու:
Շատ քիչ երեխաներ կգտնվեն, որոնց դուր է գալիս քնելուն նախապատրաստվելու գործընթացը: Առավել քիչ երեխաներ կան, որոնք առանց մայրիկի կարողանում են հանգիստ քնել:
Ամեն երեխա անկրկնելի է իր բնավորությամբ ու խառնվածքով: Ոմանք հանգիստ են ու ծննդյան օրվանից էլ առանց մայրիկի հանգիստ քնում են: Ոմանք էլ շատ դժվար են քնում, քնելիս էլ մայրիկի ներկայությունը պարտադիր է: Դժվար քնելու պատճառը երեխայի նյարդային համակարգի անկատարությունն է: Օրվա ընթացքում երեխան վազում է, խաղում, թռվռում և այնքան ինֆորմացիա է կուտակում, նյարդային համակարգը գերծանրաբեռնվում է, ինչի պատճառով երեխան երեկոյան չի կարողանում ինքնուրույն հանգստանալ և քնել:
Ի վերջո ինչպե՞ս երեխային սովորեցնել ինքնուրույն քնել:
Այս գործում շատ կարևոր է երեխայի տարիքը: Կրծքով կերակրվող երեխաները մայրիկի ջերմությունը զգալու, նաև իրենց պաշտպանված զգալու կարիք ունեն, դրան նպաստում է ծծելու ռեֆլեքսը (անկախ այն բանից` կրծքով է կերակրվում, թե արհեստական կաթով), ուստի նրանք սիրում են քնել մայրական կրծքին մոտ և ընդհանրապես մայրիկի մոտ: Ծնողները չպետք է պնդեն, որ կրծքով կերակրվող երեխաները ինքնուրույն քնեն, այս տարիքի երեխային ինչ-որ բան բացատրելը շատ բարդ է: Պետք է զինվել համբերությամբ ու սպասել, մինչև երեխան կմեծանա:
Արդեն 2-3 տարեկան երեխային պետք է աստիճանաբար սովորեցնել ինքնուրույն քնելուն: Կարելի է մշակել գործողությունների որոշակի հերթականություն, որպեսզի երեխան հասկանա, որ օրն ավարտվել է և արդեն քնելու ժամն է:
Այսպես, օրվա ավարտին խորհուրդ է տրվում երեխային ներգրավել հանգիստ խաղերում:
Ինչպե՞ս կարելի է խաղալ երեկոյան քնից առաջ.
- Կարդալ փոքրիկի սիրելի հեքիաթները
- Հերթով փոքրիկի սիրելի խաղալիքներին պառկեցնել քնելու
- Նկարել միասին
- Փոքրիկի ավտոմեքենաները «կայանել» ավտոտնակում
- Հավաքել խաղալիքները:
Ի՞նչ խաղեր ցանկալի չէ խաղալ քնից առաջ.
- Շարժուն խաղեր խաղալ
- Կարդալ նոր գրքեր
- Խաղալ նոր խաղալիքներով:
Կարելի է երեխային որոշ ժամանակ սենյակում մենակ թողնել, որ ինքնուրույն խաղա: Սակայն ուշադիր եղեք, որ շատ չլացի և նաև խաղով չտարվի:
Բոլոր տրադիցիոն գործողություններից հետո փոքրիկին պառկեցրեք քնելու, գրկեք նրան, շոյեք գլուխը, կարող եք նաև մեջքը թեթևակի մերսել: Ասացեք նրան, թե ինչ լավ բալիկ է նա, թե որքան եք սիրում նրան, հետո ասացեք, որ օրվա ընթացքում թաթիկներն ու ոտիկները հոգնել են, ուզում են հանգստանալ: Ապա ասացեք նրան, որ նա արդեն մեծ է և պետք է ինքնուրույն քնի, ինչպես բոլոր մեծերը: Նշեք, որ դուք իր կողքին եք, որ վախենալու առիթ չկա, պարզապես կողքի սենյակում գործ եք անում: Սկզբնական շրջանում կարող եք նաև սենյակի դուռը բաց թողնել, քանի որ շատ երեխաներ վախենում են, երբ դուռը փակ է լինում: Ուշադիր եղեք, որ կանչելու դեպքում երեխայի մոտ գնաք: Կանչելու դեպքում սենյակ մտեք, հանգստացրեք փոքրիկին, համբուրեք նրան և էլի մենակ թողեք: Սկզբնական շրջանում ստիպված կլինեք մի քանի անգամ սենյակ մտնել մինչև նա կքնի, սակայն աստիճանաբար կսովորի ինքնուրույն քնելուն:
Ծնողները պետք է համբերատար և լավատես լինեն, քանի որ ծնողի տրամադրությունը փոխանցվում է երեխային:
Եթե օրվա ընթացքում երեխան ժամանակի զգալի մասն անցկացնում է մայրիկի հետ, երեկոյան նրան կարող է հայրիկը կամ տատիկը պառկեցնել քնելու: Սովորաբար երեխաները հայրիկի հետ իրենց այլ կերպ են պահում` կամակորություն չեն անում և լսում են, մինչդեռ մայրիկի դեպքում կարող են փորձել արցունքներով կամ կամակորություններով ազդել որոշման վրա: Ուստի ավելի հեշտ կլինի, եթե հայրիկը երեխային պառկեցնի քնելու:
Երբեմն երեխան ծնողների հետ շփման պակաս է ունենում: Բացը լրացնելու համար կարելի է երեկոյան հաճելի մթնոլորտ ստեղծել, հայրիկն ու մայրիկը միասին կարող են խաղալ երեխայի հետ, գրկել ու սիրել նրան, հեքիաթ պատմել, օրորոցային երգել: Իսկ քնելու ժամին երեխային պառկեցնելուց հետո համբուրեք ու դուրս եկեք` հավելելով, օրինակ, .« Դե հիմա մենակ քնի, մայրիկը գնա իր գործերին, որ վաղն էլ քեզ համար երգեմ»: Հաճելի պահը կրկնելու հեռանկարը կստիպի փոքրիկին ինքնուրույն քնել:
Մեկ այլ տարբերակ է երեխային տալ իր սիրելի փափուկ խաղալիքը, որ միասին, միմյանց գրկած քնեն: Այսպես երեխան իրեն ավելի հանգիստ կզգա ու ավելի հեշտ կքնի:
Ինքնուրույն քնելուն կնպաստի նաև ճիշտ օրակարգը: Երեխան պետք է հստակ քնի ժամ ունենա: Եթե նման ժամ չկա, աստիճանաբար սովորեցրեք, որ ամեն օր նույն ժամին պառկի քնելու: Մի մոռացեք նար ամենօրյա զբոսանքները մաքուր օդում, դա ևս նպաստում է հանգիստ քնին:
Ինքնուրույն քնել սովորած երեխաները արագ են ննջում` 5-10 րոպեի ընթացքում:
Պետք է նաև հիշել, որ ամեն երեխա յուրօրինակ է, ուստի անհատական մոտեցում է հարկավոր: Ծնողը, ով ամենալավն է ճանաչում իր փոքրիկին, ավելի լավ կիմանա, թե որ պարագայում ինչպես վարվել:
Նյութն ըստ ladushki.info և materinstvo.ru կայքերի