Ի ծնե երեխան իր մեջ բնության հանդեպ սիրո մեծ պոտենցիալ ունի: Սակայն, եթե փոքրիկը կոտրում է ծառերի ճյուղերը, տրորում է ծաղիկները, քարեր է նետում թռչնակների վրա, դրանում մեղավոր են ծնողները, քանի որ ժամանակին չեն խրախուսել երեխայի հետաքրքրությունը բնության և կենդանիների հանդեպ:
Շրջակա բնությունը ամենալավ օգնականն է երեխայի մեջ բարի զգացմունքներ դաստիարակելու համար: Բույսերին ու կենդանիներին հետևելը փոքրիկին կօգնեն ոչ միայն նախնական գիտելիքներ ունենալ կենսաբանությունից, այլև կսովորեցնեն սիրել, լինել հոգատար և ուշադիր, ինչպես նաև պատասխանատու, երեխային հասանելի կդարձնեն միտքը, որ կյանքը երկրի վրա անկրկնելի է:
Որքան էլ տարօրինակ թվա, բնության հանդեպ սերը սկսվում է ամենափոքր էակներին` մրջյուններին հարգանքով վերաբերվելուց:
Շունը կամ կատուն կարող են իրենց պաշտպանել, մինչդեռ միջատները` ոչ:
Մեկ տարեկան հասակում երեխաները սկսում են հետաքրքրվել սողացող և թռչող էակներով. կարող են կլանված նայել թիթեռնիկին, ուրախանալ մրջյուն տեսնելով: Եվ այս տարիքում էլ արժի սովորեցնել երեխային միջատների հետ զգույշ վարվել: Բնականաբար փոքրիկը բազմիցս կփորձի տրորել միջատին կոշիկով, անգամ մատով, քանի որ դեռ չի գիտակցում, որ միջատն էլ կենդանի էակ է: Պետք է բացատրել երեխային, որ միջատներն էլ կենդանիներ են և չի կարելի նրանց վնասել, ուրախանալ երեխայի հետ դրանցով, սովորեցնել տարբերակել միջատներին: Ձեր ջանքերն աստիճանաբար արդյունք կտան:
Երեխայի հետ օգնության հասեք վտանգի մեջ հայտնված միջատներին. անզգուշորեն ճանապարհին հայտնված բզեզին բաց թողեք խոտերի մեջ, ջրափոսի մեջ ընկած զատիկին փրկեք ու բաց թողեք ծաղիկների մեջ: Իհարկե, անհեթեթ է թվում միջատին փրկության հասնելը, սակայն հենց այսպիսի փոքրիկ հերոսությունները երեխայի հոգում կսերմանեն բարության և կարեկցանքի ծիլերը, կսովորեցնեն սիրել և գնահատել շրջապատող կյանքը: