Մասնագետները վաղուց եկել են այն եզրակացության, որ պատժի կոպիտ տարբերակներն ազդում են երեխայի հոգեբանության վրա:
Երեխային պատժել պետք է մեղմ ու մտածված:
Բոլոր ժամանակներում էլ հայրիկներն ու մայրիկները երեխաներին պատժելու համար անկյուն են կանգնեցրել: Պատժի այս տարբերակում էլ կան կանոններ, որոնք չի կարելի խախտել, եթե ցանկանում եք, որ երեխան դաս քաղի դրանից: Տեսնենք՝ որոնք են դրանք.
· Շատ երկար ժամանակ երեխային միայնակ չթողնել սենյակում:
· Մի շփվեք երեխայի հետ պատժի ընթացքում:
· Տարածքից հեռացրեք բոլոր իրերը, որոնցով երեխան կարող է զբաղվել անկյուն կանգնելու ընթացքում՝ հեռախոս, նկարազարդումներով ամսագիր և այլն:
· Փակեք դուռը և թույլ մի տվեք երեխային դուրս փախչել: Մնացեք նրա հետ նույն սենյակում և ցույց տվեք, որ նա կարող է սենյակից դուրս գալ միայն մեծահասակի օգնությամբ:
Որքան ժամանակ պետք է երեխան անկյուն կանգնի:
Մանկական հոգեբաններն ասում են, որ պետք է կողմնորոշվել ըստ տարիքի: Օրինակ՝ երեք տարեկան երեխային բավական է 3 րոպեն, իսկ 5-6 տարեկան երեխան պետք է պատիժը կրի 7-8 րոպե:
Երբ երեխան զայրացնում է ձեզ, աշխատեք մի քանի րոպե չարձագանքել նրա խոսքերին:
Այո, մայրիկը կամ հայրիկը պետք է մի պահ կանգ առնեն, որպեսզի զայրույթի ուժեղ ալիքն անցնի, դրանից հետո արդեն կարելի է արձագանքել երեխայի լացին: Համաձայնեք՝ զայրույթի առաջին վայրկյանին մենք հաճախ անում և ասում ենք բաներ, որոնց համար մի քանի վայրկյան հետո զղջում ենք:
Հակառակ տեսանկյունից՝ ծնողների զայրույթն ու բղավոցն էլ ավելի է գրգռում երեխայի լացը, իսկ երբ ծնողներն ուշադրություն չեն դարձնում երեխայի կամակորություններին, փոքրիկը սկսում է հանգստանալ: Եթե երեխան շարունակում է զայրացնել ու լաց լինել, հանգիստ տոնով ասեք նրան, որ անկյուն կկանգնեցնեք, իսկ եթե փոքրիկը չդադարի լաց լինել, «կատարեք խոստումը»:
Երեխաները նույնպես ունեն «թայմ աութ»-ի կարիք:
Բղավոցի, լացի, հիստերիայի ընթացքում երեխան նույնպես չի հասկանում՝ ծնողներն ինչ են ուզում իրենից կամ ինչ են փորձում բացատրել իրեն: Անկյուն կանգնելու ընթացքում նա կհանգստանա, և արդեն կարելի է հանգիստ խոսել նրա հետ: Այս դեպքում անկյուն կանգնեցնելն ամենևին էլ պատիժ չէ երեխայի համար:
Այս ձևով երեխային մի քանի անգամ պատժելուց հետո կտեսնեք՝ որքան կարգապահ կլինի ձեր երեխան: Պետք չէ բղավել, ավելորդ նյարդայնանալ ու առավելևս հարվածել երեխային: