Գայթակղություն եւ անակնկալ
Մեր աղջիկը զուգարանին ու գիշերանոթին վարժվելու հարցում հետեւողական չէր, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրան ցույց տվեցինք անակնկալների պարկը:
Մենք գնեցինք ոչ թանկ խաղալիքներ եւ զբաղմունքի պարագաներ եւ դրեցինք նվերների գունավոր պարկում: Ամեն անգամ, երբ նա օգտվում էր զուգարանից, մենք ծափահարում էինք, ասում, թե ինչ մեծ գործ է նա արել եւ թույլ էինք տալիս այդ պարկից մի անակնկալ հանել: Մենք մոտավորապես մեկուկես շաբաթ այն պահեցինք վերեւում մի տեղ, իսկ երբ խաղալիքները վերջացան, նա արդեն վարժվել էր գիշերանոթին: Մենք շարունակում էինք խրախուսել նրան, եւ մեր աղջիկը շատ շուտով մոռացավ այդ անակնկալների պարկը: Ես հավատացնում եմ, որ սա լավագույն մեթոդն է` երեխային զուգարանին վարժեցնելու: Ես պատրաստվում եմ նույնը կրկնել նաեւ հաջորդ երեխաներիս ժամանակ:
Ես հավաքեցի ոչ թանկարժեք խաղալիքներ ու լցրի անթափանց մի պարկի մեջ, որպեսզի երեխան չկարողանա տեսնել, թե ինչ կա մեջը: Երբ գալիս էր զուգարանին վարժվելու պահը, իմ 3-ամյա որդուն, որը կտրականապես հրաժարվում էր գիշերանոթից, թույլ էի տալիս այդ պարկից մի բան հանել, երբ բարեհաջող օգտվում էր զուգարանից կամ գիշերանոթից: Մոտ 3 շաբաթում մենք հաջողության հասանք: Բայց ցավոք սրտի, այս մեթոդը չի գործում իմ աղջկա դեպքում, որն արդեն 3 տարեկան է դառնում:
Մենք մեր աղջկա պահարանի վրա դնում էինք իր սիրած կոնֆետները: Եթե նա բարեհաջող կերպով օգտվում էր գիշերանոթից, թույլ էինք տալիս, որ 3 հատ կոնֆետ վերցնի: Մոտ մեկ ամսում նա սիստեմատիկ կերպով սկսեց օգտվել գիշերանոթից, իհարկե, որոշ բացթողումներով: Սակայն շուտով այդ բացթողումներն էլ վերացան:
Իմ աղջկա դեպքում գործեց գանձերի տուփը: Ես գնեցի փազըլներ, պլաստմասե կենդանիներ, ջրով ատրճանակներ, կավիճ, միջատներ բռնող խաղալիքներ: Երբ հասանք տուն, երկուսով տեղավորեցինք տուփի մեջ, եւ ես բացատրեցի, որ ամեն անգամ, երբ նա օգտվի զուգարանից կամ գիշերանոթից, նա մրցանակ կստանա այդ տուփից: Մոտ 1 շաբաթում մենք ունեցանք 100-տոկոսանոց արդյունք:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 1
Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 2
Շարունակելի
Աղբյուրը` babycenter.com