Ինչպե՞ս խնամել չոր մաշկով եւ կարմիր թուշիկներով երեխաներին

Միջազգային հետազոտությունների տվյալներով` այժմ յուրաքանչյուր երեք երեխայից մեկը տառապում է ալերգիայով եւ այս տեմպերը պահպանվելու դեպքում ակնկալվում է, որ 2015թ. ամեն երկրորդ երեխան կունենա ալերգիկ խնդիր։

Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արաբկիրի բժշկական համալիրի երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ–ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը։

Վաղ մանկական հասակին բնորոշ է այսպես ասած չոր մաշկով-կարմիր թուշիկները. Այդպիսի թուշիկներով երեխաների մոտ առկա է դիաթեզ հիվանդությունը։ Մասնագետը խորհուրդ է տալիս նման երեխաների նկատմամբ հատկապես ուշադիր լինել` լողացնել հատուկ միջոցներով, պահպանել ճիշտ սննդակարգ։

«Կա հիպոթեզ, որ եթե վաղ տարիքից երեխան շփվում է միկրոբների հետ, նրա օրգանիզմը զարգանում է ճիշտ ուղղությամբ, սակայն դա վերջնական ճշմարտություն չէ։ Միակ բանը, որ միանշանակ կանխարգելիչ միջոց է, կրծքով սնուցումն է եւ մաշկի վնասվածքների ճիշտ մշակումը»,- ասաց մասնագետը` հիշեցնելով, որ ալերգիկ ախտանիշներ նկատելիս պետք է դիմել բժշկի՝ ճշտելու համար, թե ինչպես է պետք իրականացնել բուժումը:

Աստղիկ Բաղդասարյանը նշեց նաեւ, որ երեխաների մոտ ալերգիաներ կարող են առաջանալ տարբեր խաղալիքներից, իսկ դրա համար անհրաժեշտ է խաղալիք գնելիս անպայման նայել բաղադրությունը, թե ինչից է այն պատրաստված:

 

News.am