Ինչպես փոքրիկին պաշտպանել ջրազրկումից

Մանկաբույժների մեծ մասը պնդում է, որ ամառային տապը վտանգավոր է մինչև 3 տարեկան փոքրիկների համար: Պատճառն այն է, որ փոքրիկի օրգանզմը դեռ  սովոր չէ դիմադրել ուժգին շոգին:

Ուստի մեծահասակների զգոն չլինելու դեպքում փոքրիկը կարող է ջրազրկվել, անգամ ջերմահարվել:

Ինչո՞ւ է փոքրիկների համար շոգը վտանգավոր: Որովհետև նրանց մոտ նյութափոխանակությունը  շատ ավելի արագ է ընթանում, քան մեծահասակների մոտ: Որպեսզի շոգի պայմաններում օրգանիզմն ազատվի  ջերմությունից, մանկիկի օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ  հեղուկ, այսինքն, մեծանում է քրտնարտադրությունը, առաջանում է մաշկի չորություն, ինչպես նաև առաջ է գալիս ջրազրկման և ջերմահարվելու վտանգ:

 

Ուստի ծնողները պետք է զգոն լինեն՝ իրենց փոքրիկներին հնարավոր վտանգներից պաշտպանելու համար:

Ջրազրկումը  այնպիսի վիճակ է, երբ մարդու օրգանիզմն   ավելի շատ հեղուկ է կորցնում, քան ֆիզիոլոգիական նորմն է: Դրա հետևանքով խախտվում է նյութափոխանակությունը:  Եթե մարդու օրգանիզմը ֆիզիոլոգիական նորմից 20-25 տոկոս ավել հեղուկ կորցնի, ապա կառաջանա այդ օրգանիզմի մահվան հավանականություն:  Իսկ եթե հաշվի առնենք, որ փոքրիկների մոտ նյութափոխանակությունն արագացված է, ապա անցանկալի հետևանքների վտանգն ավելի մեծ է:

Ջրազրկման նշանները

  • Թուլություն, գունատություն և քնկոտություն,
  • Բերանում չորություն
  • Լաց առանց արցունքների, ինչպես նաև երեք ժամից ավել միզարձակման բացակայություն,
  • Նորածինների մոտ գաղթունի ներս ընկած վիճակ:

Եթե ջրազրկումն անուշադրության մատնեք, փոքրիկի մոտ կառաջանա նյութափոխանակության խանգարում, որով նա պետք է ապրի ողջ մնացյալ կյանքում: Ուստի ամռան շոգին փոքրիկին ավելի կարևոր է ջուր խմեցնելը, քան կերակրելը:

Առաջին օգնություն փոքրիկին ջրազրկման դեպքում.

  • Փոքրիկին հով սենյակ տարեք, որպեսզի նվազեցնեք ջերմատվությունը և մաշկից ջրի գոլորշիացումը,
  • Փոքրիկին ջուր խմեցրեք,
  • Փոքրիկին հանքային ջուր տվեք, կամ կարող եք մեկ լիտրին կես թեյի գդալ աղ և կես թեյի գդալ շաքարավազ խառնել և խմեցնել:

Կանխարգելման մեթոդներ

Ավելի հեշտ է ջրազրկումը կանխարգելելը, քան հետևանքները վերացնելը:  Շոգի պայմաններում փոքրիկին շատ կալորիական սնունդ մի տվեք, դա թողեք առավոտյան և երեկոյան: Իսկ օրվա ընթացքում փոքրիկին տարբեր հեղուկներ տվեք, այդ թվում է մաքուր ջուր:  Մինչև 6 ամսական փոքրիկներին սովորաբար ընդունված է, որ ջուր  պետք չէ, քանի որ մայրական կաթը լրացնում է ջրի պահանջը: Սակայն շոգ եղանակի դեպքում խորհրդակցեք մանկաբույժի հետ, գուցե հարկ լինի, որ փոքրիկին ջուր առաջարկեք:

Կաթնակեր փոքրիկը երեք ժամը մեկ պետք է միզի:  Եթե ոչ, նշանակում է, որ փոքրիկի օրգանիզմում ջրի պակաս կա:

 

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի