Անգամ երեխա լինելու համար ինքնավստահություն է հարկավոր: Դպրոց գնալիս կամ առաջին քայլերն անելիս, միեւնույն է, երեխան անծանոթ ու չբացահայտված միջավայրի է բախվում:
Եվ բնական է, որ ծնողներն ուզում են իրենց փոքրիկներին ներշնչել «ուզել եւ անել» սկզբունքով, որպեսզի նրանք խիզախորեն դիմակայեն նոր մարտահրավերներին ու վերջապես` հավատան իրենց ուժերին:
Իհարկե, երեխաները տարբեր են, բայց նրանց բոլորի համար կարող են գործել միեւնույն մի քանի կանոնները` երեխայի ինքնավստահությունը բարձրացնելու համար:
Խրախուսեք ձեռքբերումները
Ինքնավստահությունը բարձրանում է մրցակցության զգացումից: Այլ կերպ ասած` երեխաների մոտ զարգանում է ինքնավստահությունը ոչ թե երբ ծնողներն ասում են` «կեցցե՛ս դու», այլ այն ժամանակ, երբ նրանք ձեռքբերումներ են ունենում` մեծ, թե փոքր: Իհարկե, մայրիկի ու հայրիկի շուրթերից խրախուսանք լսելը շատ լավ է, բայց ավելի լավ է, երբ գովասանքը փոքրիկի կոնկրետ ջանքերի ու նոր կարողությունների համար է:
Թույլ տվեք ինքնադրսեւորվել
Երբ փոքրիկները որեւէ բան են ստեղծում կամ անում, օրինակ` ինքնուրույն ատամներն են լվանում կամ հեծանիվ քշում, իրենց ավելի կարող ու ընդունակ են զգում: Ինքնավստահության ձեւավորումը կարող է շատ շուտ սկսվել: Երբ փոքրիկը սկսում է թերթել գրքի էջերը կամ քայլել, առաջանում է միտքը, որ ինքը կարող է: Ամեն ձեռքբերում ու նվաճում նրան ավելի կմոտեցնի վստայության զգացմանը:
Տվեք հնարավորություն եւ գովեք
Ծնողները կարող են օգնել փոքրիկին` տալով նոր հնարավորություններ: Թույլ տվեք փոքրիկին նաեւ սխալվել, ձախողել, բայց միշտ եղեք կողքին, որ ոգեշնչեք: Պետք է այնպես անեք, որ նա չհանձնվի: Երբ փոքրիկը որեւէ նոր բան է ցույց տալիս, արձագանքեք հետաքրքրությամբ եւ տպավորված: Եվ ամենակարեւորը` խրախուսեք նրան գովեստով, երբ տեսնում եք, որ հասել է նպատակին կամ ջանքեր է գործադրել: Բազմաթիվ հնարավորութուններով, ճիշտ ցուցումներով եւ մեծ համբերությամբ զինված` ծնողները կարող են այնպես անել, որ երեխան ձեռք բերի հիմնական կարողությունները, օրինակ` կոշիկները կոճկի կամ հարդարի անկողինը: Եթե այդքանը, այսինքն` նվազագույնը հաղթահարի, հետո փոքրիկը պատրաստ կլինի` ավելին անելու եւ միշտ կհիշի, որ նախորդ առաջադրանքը հաջողել է:
Աղբյուրը` kidshealth.org