Երեխայի լիարժեք օրաբաժինը պետք է բավարար լինի իր քանակությամբ և ներառի սննդարար մթերքներ:
Այդպիսի մթերքներ են մրգերն ու բանջարեղենը, լոբազգիները, կաթնամթերքները, բրինձ, հնդկացորենի /գրեչկա/, վարսակի, սպիտակաձավարի /մանի/ թանձր շիլաները` բուսական յուղով և կարագով պատրաստված, միսը, ձուն, ձկնեղեն:
Հավելյալ սնուցումը ցանկալի է սկսել հետևյալ կերակրատեսակներից.
- Բանջարեղենի պյուրե` դդումով, կարտոֆիլով, գազարով, ճակնդեղով, որոնք հարուստ են հանքային աղերով և վիտամիններով, հնդկացորենի, վարսակի կամ սպիտակաձավարի թանձր շիլա` կարագով կամ բուսական յուղով պատրաստված:
- Տարբեր մրգեր, որոնք կան Ձեր տեղանքում տարվա տվյալ եղանակին:Մրգերն անհրաժեշտ է խնամքով լվանալ և քերիչով քերել: Աստիճանաբար երեխային կարելի է տալ մանր կտրատած մրգեր:
- Երեխայի օրաբաժնում պետք է լինեն նաև զանազան հեղուկներ` գազարի հյութ, մրգահյութեր, կաթնամթերքներ` մածուն, /նարինե/, թան: Նորածին երեխաներին խորհուրդ չի տրվում տալ թեյ, քանի որ թեյը պարունակում է երկաթի յուրացմանը գրեթե 50 տոկոսով խանգարող նյութեր:
- Աստիճանաբար երեխայի օրաբաժնում /9-10 ամսականից/ անհրաժեշտ է ավելացնել սպիտակուցներով հարուստ սննդամթերքներ` ձու, կաթնաշոռ, անյուղ միս կամ ձկնեղեն` քերիչով անցկացրած վիճակում:
Ներկայացրեց Անի Ասատրյանը