Նորածնի համար օգտակար է ամառը` զով եղանակին, մաքուր օդում լինել օրը 2-3 ժամ: Երեխան, անկասկած, կարող է մաքուր օդում լինել 16 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանում:
Ջերմաստիճանն ինքնին այնքան կարևոր չէ: Ձմռանը երեխայի հետ ավելի լավ է զբոսնել կեսօրին: Եթե դուք բակ ունեք, բարենպաստ եղանակին կարող եք երեխային բակ տանել երկար ժամանակով: Եթե արևը նրան չի անհանգստացնում, թող դեմքը որոշ ժամանակ /3-5 րոպե/ արևի տակ մնա:
Մեծանալուն զուգընթանց ավելանում է երեխայի արթուն մնալու ժամանակը, և նա մարդկանց ներկայության կարիքն ավելի շատ է զգում: Ուստի եթե նա քնած չէ, աշխատեք նրան մենակ չթողնել: Անգամ եթե երեխան խաղում է, լավ կլինի, որ նրա մոտ որևէ մեկը լինի:
Եթե քաղաքում եք ապրում, ստիպված եք երեխային փողոց դուրս բերել մանկասալյակով: Աշխատեք որքան հնարավոր է երկար զբոսնել փոքրիկի հետ:
Ամառը` շոգ եղանակին, եթե ձեր բնակարանում տոթ է, աշխատեք բակում որևէ զով տեղ գտնել: Քնած երեխան որքան երկար այնտեղ մնա, այնքան լավ: Եթե ձեր բնակարանում զով է, իսկ փողոցում`շոգ, այնուամենայնիվ գոնե երկու ժամով երեխային դուրս բերեք մաքուր օդ`առավոտյան և ժամը 18-ից հետո`մեկական ժամով:
Որքան երեխան մեծանում է, այնքան աճում է նրա հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ :Եթե ճաշից հետո նրա հետ զբոսանքի եք դուրս գալիս, նա արդեն կարող է չքնել: Այդ պատճառով ճաշից հետո ստիպված եք նրան սենյակում քնեցնել: Այդ դեպքում դուք քիչ ժամանակ կունենաք օրվա երկրորդ կեսին զբոսանքի համար, հատկապես ձմռանը: Կարելի է երեխայի հետ առավոտյան զբոսնել մեկ-երկու ժամ, իսկ օրվա երկրորդ կեսին`ևս մեկ ժամ: Առավոտյան զբոսանքի ժամերը կախված են առավոտյան քնի ժամերից: Կես տարեկանից մեծ շատ երեխաներ քնում են նախաճաշից անմիջապես հետո, ուրիշները` ավելի ուշ, ասենք, առավոտյան ժամը 11-ին մոտ: Եթե ձեր երեխան զբոսանքի ժամանակ չի կարողանում մանկասայլակում քնել, ստիպված եք նրան քնեցնել իր մահճակալում, իսկ զբոսանքի կգնաք արթնանալուց հետո:
Շարունակելի…
Անի Ասատրյան